շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Շնորհակալություն եմ հայտնում Թուրքիա որոնողափրկարարական խմբեր ուղարկած 76 երկրներից յուրաքանչյուրին․ Չավուշօղլու

Շնորհակալություն եմ հայտնում Թուրքիա որոնողափրկարարական խմբեր ուղարկած 76 երկրներից յուրաքանչյուրին․ Չավուշօղլու

76 երկիր որոնողափրկարարական խմբեր է ուղարկել Թուրքիա, ևս երկու պետություն պատրաստվում է մասնագետներ ուղարկել աղետի գոտի, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այս երկրներից յուրաքանչյուրին, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, փոխանցում է Անադոլու գործակալությունը։

Չավուշօղլուն նշել է, որ 12 երկրների փրկարարներն արդեն ավարտել են իրենց առաքելությունը Թուրքիայում և վերադարձել են իրենց երկրներ։

Թուրքական դիվանագիտության ղեկավարը հիշեցրել է աղետի գոտու բնակիչների համար մեծածավալ տներ կառուցելու թուրքական կառավարության ծրագրերը։ Ավելին, շինարարական աշխատանքները կսկսվեն մարտի սկզբին։ Նախարարի խոսքով, այս փուլում աշխատանքներ են տարվում աղետի գոտու բնակչության հրատապ կարիքները հոգալու ուղղությամբ։

«Մենք ձգտում ենք մարդկանց ապահովել վրաններով և մոդուլային տներով։ Դրանց մի մասն արտադրվում է Թուրքիայում, մյուս մասն էլ մատակարարվում է արտերկրից։ Մինչ օրս 36 հազար վրան է առաքվել Թուրքիա, խոստացել են մատակարարել ևս 111 հազարը, բացի այդ, թուրքական իշխանությունները գնելու են ևս 105 հազար վրաններ»,- ասել է Չավուշօղլուն։

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ի առավոտյան 7,8 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Թուրքիայի հարավ-արևելյան հատվածում և Սիրիայի հյուսիսում:

Հաջորդ օրը Թուրքիայի կենտրոնական հատվածում 7 բալ ուժգնությամբ նոր հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ և հայտնել, որ Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել:

Հայաստանի ներքին գործերի նախարարությունը փետրվարի 7-ին հաղորդել է երկրաշարժից տուժած շրջաններում որոնողափրկարարական աշխատանքներին աջակցելու նպատակով Սիրիա և Թուրքիա փրկարարական ջոկատներ ուղարկելու մասին: Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն այսօր ժամանել է Անկարա։

Միրզոյանը երկրաշարժից տուժած Ադիյաման քաղաքում կհանդիպի որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող ՀՀ փրկարարական խմբին: Այցի ընթացքում Անկարայում տեղի կունենա Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը:

  • Կիսվել: