Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարը գաղտնի հանդիպել է Թրամփի հետ
Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար արքայազն Խալեդ բին Սալման ալ-Սաուդը հուլիսի 3-ին Սպիտակ տանը գաղտնի հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, ինչպես նաև այլ ազդեցիկ պաշտոնյաների հետ։ Այս մասին հաղորդում է Fox News-ը։
Համաձայն տեղեկությունների՝ բանակցություններն ամբողջությամբ նվիրված չեն եղել Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման հարցին, սակայն կողմերը քննարկել են կարգավորման համար անհրաժեշտ քայլերը։
Բացի այդ, հանդիպման ժամանակ քննարկվել է Իրանի հետ հակամարտության թուլացման և Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման հարցը։
Կողմերը նաև քննարկել են Գազայի հատվածում ռազմական գործողությունները դադարեցնելու և կենդանի ու մահացած պատանդների վերադարձի շուրջ բանակցությունները, ինչպես նաև Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելուն ուղղված ջանքերը։
Նշվում է, որ «բոլոր ճակատներում առաջընթաց և լավատեսություն է արձանագրվել»։
Ամերիկյան Axios լրատվական հարթակի փոխանցմամբ՝ սաուդացի նախարարը Թրամփի հետ հանդիպումից հետո հեռախոսազրույց է ունեցել Իրանի գլխավոր շտաբի պետ Աբդ ալ-Ռահիմ Մուսավիի հետ։
«Մենք քննարկել ենք տարածաշրջանում զարգացումները և անվտանգությունն ու կայունությունը պահպանելու ջանքերը», - մեջբերել է լրատվամիջոցը բին Սալմանի խոսքերը հեռախոսազրույցից հետո։
Բին Սալմանը նաև հանդիպել է Սպիտակ տան հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի հետ։