չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Սաակաշվիլին և Թբիլիսիի նախկին քաղաքապետը 114 000 լարի են ծախսել նիհարեցման և երիտասարդացման պրոցեդուրաների վրա. դատախազը մանրամասներ է ներկայացրել

Սաակաշվիլին և Թբիլիսիի նախկին քաղաքապետը 114 000 լարի են ծախսել նիհարեցման և երիտասարդացման պրոցեդուրաների վրա. դատախազը մանրամասներ է ներկայացրել

Բյուջետային միջոցների վատնման մասին գործով վրացի դատախազ Գեորգի Մուջիրին հայտնել է, որ նախագահության տարիներին երկրի նախկին ղեկավար Միխեիլ Սաակաշվիլին և Թբիլիսիիի՝ այն ժամանակվա քաղաքապետ Գիգի Ուգուլավան 114 000 լարի են ծախսել Ինսբրուկի հիվանդանոցում նիհարեցման պրոցեդուրաներ անցնելու համար:

Ինչպես փոխանցում է Новости-Грузия-ն, դատախազությունը Սաակաշվիլիին և Պետական անվտանգության հատուկ ծառայության նախկին պետ Թեմուր Ջանաշիային մեղադրում է պետական բյուջեից միջոցներ ծախսելու համար:

Դատախազը պարզաբանել է, որ տվյալ քրեական գործը չի վերաբերում նախկին նախագահի պաշտոնական այցերին և օրենքով սահմանված միջոցառումների համար ծախսված գումարներին:  

Նրա խոսքով՝ 9 մլն-ը, որը ներկայացնում է մեղադրող կողմը, ծախսվել է նախագահի և նրա ընտանիքի անդամների, ընկերների և շրջապատի մարդկանց հարմարավետության համար:

«Եղել են երիտասարդացման, բուժական և նիհարեցման պրոցեդուրաներ:  Գումարներ են ծախսվել նաև Մոնակոյի, Թաիլանդի, Սինգապուրի, Միլանի և այլ առողջարաններում հանգստանալու համար, ինչպես նաև անձնական խոհարարի, ոճաբանի, նվերների համար: Այդ ամենին հատկածված գումարը կազմել է 9 մլն լարի»,- ասել է դատախազը:

Վերջինս անդրադարձել է նաև «պիջակների մասին գործին», որի քննությունն արդեն 8 տարի է, ինչ շարունակվում է: Խոսքը 2009-2013 թվականների ընթացքում 8.8 մլն լարի ծախսելու մասին է, որոնք Սաակաշվիլին հատկացրել է ժամանակակից հյուրանոցներում հանգստին, կոսմետոլոգիական կենտրոններ այցերին և հագուստի ձեռքբերմանը: Այս գործով մեղադրանքով նախատեսվում է 7-11 տարվա ազատազրկում:

  • Կիսվել: