ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Սաակաշվիլին առողջական վիճակի պատճառով չի մասնակցել դատավարությանը

Սաակաշվիլին առողջական վիճակի պատճառով չի մասնակցել դատավարությանը

Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի բյուջետային խոշոր միջոցների յուրացման գործով այսօր՝ հուլիսի 11-ին նշանակված դատական ​​նիստը հետաձգվել է մինչև օգոստոսի 1-ը` վերջինիս առողջական վիճակի պատճառով, գրում է aliq.ge-ն:

Դատարանից հայտնել են, որ Սաակաշվիլիին առաջարկվել է մասնակցել դատական ​​գործընթացին թե՛ նիստերի դահլիճ ներկայանալով, թե՛ հեռակա կարգով։ Ի պատասխան՝ դատարանը գրություն է ստացել այն կլինիկայից, որտեղ բուժվում է Սաակաշվիլին, որ ամբաստանյալի վիճակը հաշվի առնելով՝ ավելի լավ է նա չմասնակցի գործընթացին։

Հիշեցենք. Սաակաշվիլին ավելի քան երկու ամիս է, ինչ առողջական վիճակի պատճառով չի կարողանում մասնակցել քաղաքային դատարանում քննվող քրեական գործերին։

Նա տեղափոխվել է «Վիվամեդ» քաղաքացիական կլինիկա՝ բուժվելու, թեև նրա ընտանիքն ու թիմակիցները կարծում են, որ նա պատշաճ բուժում չի ստանում այնտեղ և պահանջում են տեղափոխել արտերկիր։

Վրաստանի երրորդ նախագահ, Ուկրաինայի քաղաքացի Սաակաշվիլին, որը երկու գործով դատապարտվել է 6 տարվա ազատազրկման, Վրաստան է վերադարձել 2021 թվականի սեպտեմբերի վերջին և ձերբակալվել հոկտեմբերի 1-ին՝ տեղական ինքնակառավարման ընտրությունների նախորդ օրը:

  • Կիսվել: