հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին լավ առողջական վիճակում . Իրանի ԱԳՆ

Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին լավ առողջական վիճակում . Իրանի ԱԳՆ

Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին հերքել է այն տեղեկությունները, թե երկրի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին առողջական խնդիրներ ունի։

Al Araby Al Jadeed-ին տված հարցազրույցում նա ընդգծել է, որ նրա առողջության վատթարացման որևէ նշան չկա, և առաջնորդը լիարժեք կատարում է իր բոլոր պարտականությունները։ Նախարարը հայտարարել է, որ ամերիկացի պաշտոնյաների պնդումները՝ նրա հնարավոր վնասվածքների կամ ծանր հիվանդությունների մասին, սխալ և անհիմն են։

Արաղչիի խոսքով՝ Իրանում նկատվող իրադարձությունները չեն վկայում գերագույն առաջնորդի գործունեության որևէ խախտման մասին, իսկ նրա հիվանդության կամ վնասվածքի մասին լուրերը փորձ են՝ ապակայունացնելու ներքին իրավիճակը և անվստահություն սերմանելու բնակչության ու միջազգային հանրության շրջանում։

Նախարարը նաև նշել է, որ երկրի ղեկավարությունը շարունակում է աշխատել սովորական ռեժիմով, իսկ բոլոր պետական մարմինները գործում են առանց փոփոխությունների։

Արաղչիի հայտարարությունը հնչել է այն պայմաններում, երբ վերջին օրերին ակտիվորեն տարածվում էին լուրեր Իրանի առաջնորդի առողջական վիճակի մասին՝ մի շարք արտասահմանյան աղբյուրներում՝ ներառյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի հայտարարությունները։

ԱԳ նախարարն ընդգծել է, որ նման տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում և չպետք է մոլորեցնեն հանրությանը։

  • Կիսվել: