ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ռուսաստանը Թուրքիային ու Ուկրաինային մեղադրում է պայմանավորվածությունների չկատարման մեջ

Ռուսաստանը Թուրքիային ու Ուկրաինային մեղադրում է պայմանավորվածությունների չկատարման մեջ

Թուրքիայից Ուկրաինա «Ազով»-ի հրամանատարների վերադարձը պայմանավորվածությունների խախտում է, որոնք ձեռք էին բերվել ռուսական գերությունից նրանց ազատ արձակման շրջանակներում։

 Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
 
Նրա խոսքով՝ պայմանավորվածության համաձայն հինգ հրամանատարները պետք է մնային Թուրքիայում «մինչև հակամարտության ավարտը»։ Ռուսաստանցի պաշտոնյան նշել է, որ «վերադարձի պայմանները խախտել են ինչպես թուրքական կողմը, այնպես էլ Կիևը»։
 
Պեսկովը նաև նշել է, որ «Ռուսաստանին որևէ մեկը չի տեղեկացրել» «Азовсталь»-ի պաշտպանության հրամանատարների վերադարձի մասին։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարի կարծիքով՝ «ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին պատրաստվելու համատեքստում Թուրքիայի վրա մեծ ճնշում է գործադրվել, իսկ Անկարան, որպես Դաշինքի անդամ, համերաշխություն է ցուցաբերել»։ Պեսկովը հայտարարել է, թե «Ռուսաստանն ամեն ինչ լավ հասկանում է»։
 
Հիշեցնենք, որ նախօրեին «Ազով» գնդի հինգ հրամանատարներ, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ միասին, Ստամբուլից վերադարձել էին Ուկրաինա։ 2022 թվականի սեպտեմբերի 22-ին Ուկրաինան ռուսամետ քաղաքական գործիչ Վիկտոր Մեդվեդչուկին և ևս 55 անձի փոխանակել էր ուկրաինացի 215 զինվորականի հետ։ Նրանցից 108-ը «Ազով»-ի մարտիկներ էին, այդ թվում՝ գնդի հրամանատարներ Դենիս Պրոկոպենկոն, Սվյատոսլավ Պալամարը և Սերգեյ Վոլինսկին։ Ռուսական գերությունից ազատ էր արձակվել նաև լուսանկարիչ և «Ազով»-ի մարտիկ Դմիտրի Կոզացկին։ 
 
Փոխանակումն իրականացվել էր թուրքական կողմի միջնորդությամբ։ Գործարքի պայմաններից մեկը այն էր, որ «Ազով»-ի ուկրաինացի հինգ հրամանատարները պետք է մնային Թուրքիայում՝ «Էրդողանի պաշտպանության ներքո», մինչև Ուկրաինայում կավարտվեին մարտական գործողությունները։ Դրա մասին ժամանակին հայտարարել էին նաև նախագահ Զելենսկին և Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովը։

  • Կիսվել: