Ռուսաստանը հրաժարվում է Ճապոնիայի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններից
Ռուսաստանը մտադիր չէ շարունակել Ճապոնիայի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները։
Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։
«Հաշվի առնելով Ռուսաստանի դեմ Ճապոնիայի կողմից սահմանված միակողմանի սահմանափակումների ակնհայտ ոչ բարեկամական բնույթը՝ կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ, ձեռնարկվում են հետեւյալ միջոցները։
Ռուսական կողմը ներկա պայմաններում մտադիր չէ շարունակել Ճապոնիայի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները, քանի որ անհնար է քննարկել երկկողմ հարաբերությունների հիմնարար փաստաթղթի ստորագրումը մի պետության հետ, որը բացահայտ ոչ բարեկամական դիրքորոշում է ընդունում եւ ձգտում է վնասել մեր երկրի շահերին։
Որոշում է ընդունվել դադարեցնել Ճապոնիայի քաղաքացիների համար առանց մուտքի վիզայի ռեժիմը, որն իրականացվում էր Ռուսաստանի Դաշնության հարավային Կուրիլյան կղզիների եւ Ճապոնիայի միջեւ առանց վիզայի փոխանակման 1991թ․ համաձայնագրով եւ Ճապոնիայից հարավային Կուրիլների նախկին բնակիչների դեպի իրենց նախկին բնակավայրերը այցելությունների առավելագույն դյուրացման մասին 1999 թ. համաձայնագրով։
Ռուսական կողմը դուրս է գալիս Ճապոնիայի հետ հարավային Կուրիլներում համատեղ տնտեսական գործունեություն սկսելու շուրջ երկխոսությունից։
Ռուսական կողմն արգելափակում է Ճապոնիայի՝ որպես Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գործընկերոջ կարգավիճակի երկարաձգումը ոլորտային երկխոսության մեջ։
Երկկողմ փոխգործակցությանը եւ հենց Ճապոնիայի շահերին հասցված վնասի ողջ պատասխանատվությունը կրում է պաշտոնական Տոկիոն, որը փոխշահավետ համագործակցություն եւ բարիդրացիություն զարգացնելու փոխարեն գիտակցաբար ընտրություն է կատարել հօգուտ հակառուսական կուրսի»,- ասվում է հաղորդագրության մեջ։