կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ռուսաստանում 25 տարվա ազատազրկման դատապարտված Կարա-Մուրզային դադարեցրել են ФСИН-Письмо-ով ուղարկված նամակները փոխանցել

Ռուսաստանում 25 տարվա ազատազրկման դատապարտված Կարա-Մուրզային դադարեցրել են ФСИН-Письмо-ով ուղարկված նամակները փոխանցել

Ռուսաստանում 25 տարվա ազատազրկման դատապարտված ընդդիմադիր քաղաքական գործիչ Վլադիմիր Կարա-Մուրզային դադարեցրել են բանտարկյալների համար նախատեսված ФСИН-Письмо էլեկտրոնային ծառայության միջոցով ուղարկված նամակները փոխանցել։

Այս մասին քաղաքական գործչի անունից հաղորդագրություն է հայտնվել նրա տելեգրամյան ալիքում։

Կարա-Մուրզան Մոսկվայի թիվ 5 քննչական մեկուսարանում է։

Համաձայն տեղեկատվության՝ անցյալ շաբաթ իրեն բերել են դատարկ պատասխան թերթիկներ։ Այս պես լինում է, երբ նամակները չեն անցնում բանտային գրաքննությունը։ Ընդդիմադիրը ծանուցումներ է ստացել, որ իր պատասխանները, այդ թվում՝ հարազատներին ուղղված նամակները, նույնպես չեն անցել գրաքննությունը։

Կարա-Մուրզան ենթադրում է, որ կալանավայրի աշխատակիցներին «վերևից հրաման է տրվել», քանի որ իր նամակները գրաքննելու իրավական հիմքեր չկան։

Ավելի վաղ քաղաքական գործչի կինը՝ Եվգենյա Կարա-Մուրզան, հայտնել էր, որ իր ամուսինը հոգեբանական խոշտանգումների է ենթարկվել՝ մեկ տարի մերժում ստանալով երեխաների հետ տեսակցել։

Ապրիլի 17-ին BBC-ն գրել էր, որ Վլադիմիր Կարա Մուրզան դատապարտվել է 25 տարվա ազատազրկման պետական դավաճանության և այլ մեղադրանքների համար, որոնք կապված են Ուկրաինայում պատերազմը քննադատելու հետ։ 

Մինչդեռ lenta.ru-ն մանրամասնել էր, որ Մոսկվայի քաղաքային դատարանը Կարա Մուրզային (Ռուսաստանի Դաշնությունում ճանաչված որպես օտարերկրյա գործակալ) պետական դավաճանությունից բացի ազատազրկման է դատապարտել նաև անցանկալի կազմակերպության հետ համագործակցելու և Ռուսաստանի Զինված ուժերի մասին կեղծիքներ տարածելու համար։

  • Կիսվել: