կիրակի, հուլիս 3
3 / 7 / 2022
Ռուս հաքերներին կասկածել են «Եվրատեսիլ-2022»-ի քվեարկության ժամանակ DDoS-հարձակում իրականացնելու մեջ

Ռուս հաքերներին կասկածել են «Եվրատեսիլ-2022»-ի քվեարկության ժամանակ DDoS-հարձակում իրականացնելու մեջ

Անհայտ հաքերները փորձել են խանգարել «Եվրատեսիլ-2022» երգի մրցույթի եզրափակչի անցկացմանը, սակայն համակարգչային հանցագործությունների դեմ պայքարի գծով մասնագետներին հաջողվել է կանխել դա: Այս մասին Twitter-ում հայտնել է իտալական ոստիկանության մամուլի ծառայությունը, գրում է DW-ն:

Հաքերներն առաջին կիսաեզրափակչի օրը փորձել են ներխուժել մրցույթի համակարգչային ցանց, ինչպես նաեւ այսպես կոչված՝  DDoS-հարձակումներ իրականացնել մայիսի 15-ին կայացած եզրափակիչ քվեարկության ժամանակ: Փորձագետների կարծիքով՝ հարձակումների հետեւում կարող է կանգնած լինել Killnet ռուսական հաքերային խումբը:

Ռուսաստանը զրկված է եղել 66-րդ «Եվրատեսիլին» մասնակցելու հնարավորությունից: Հաղթանակը մրցույթում տարել է Kalush Orchestra ուկրաինական խումբը:

Կիրակի Վրաստանի եւ Ադրբեջանի ազգային հեռարձակողները հայտնել էին, որ սխալ է եղել ազգային ժյուրիի քվեարկության հրապարակված արդյունքների առնչությամբ: Երկու երկիրն էլ ընդգծել են, որ իրենց ժյուրին 12 միավոր է տվել Ուկրաինային եւ ոչ թե Մեծ Բրիտանիային, ինչպես նշված է եղել մրցույթի աղյուսակներում:  

  • Կիսվել: