կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
ՌԴ-ն չի հրավիրվել նոր միջազգային ֆինանսական պայմանագրի շուրջ գագաթնաժողովին․ Ֆրանսիայի ԱԳՆ

ՌԴ-ն չի հրավիրվել նոր միջազգային ֆինանսական պայմանագրի շուրջ գագաթնաժողովին․ Ֆրանսիայի ԱԳՆ

Ռուսաստանը չի մասնակցի գագաթնաժողովին, որտեղ քննարկվելու է նոր միջազգային ֆինանսական պայմանագիրը, որը տեղի կունենա Փարիզում հունիսի 22-23-ը։ LCI հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Քեթրին Կոլոնան։

Գագաթնաժողովի նպատակն է, նրա խոսքով, «խուսափել աշխարհի մասնատումից, որն այսօր մեծ վտանգ է ներկայացնում», «դյուրացնել ֆինանսավորման հասանելիությունը և օգնել լուծել պարտքի խնդիրը»: Ըստ Կոլոնայի՝ այս հանդիպմանը «բոլոր տարածաշրջանները ներկայացված կլինեն»։

«Ռուսաստանը հրավիրված չէ գագաթնաժողովին, քանի որ նա իրեն ժամանակավորապես դրել է լուսանցքում»,-ասել է Կոլոնան։

Ֆրանսիացի նախարարը նշել է, որ ֆորումին մասնակցելու հրավեր են ստացել BRICS-ի այլ երկրներ, այդ թվում՝ Չինաստանը։ Լրագրողի այն հարցին, թե արդյոք Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախատեսում է մասնակցել օգոստոսին Յոհանեսբուրգում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին, ինչպես ավելի վաղ հայտնել էր L'Opinion թերթը՝ վկայակոչելով Ելիսեյան պալատի աղբյուրին, Կոլոնան նշել է, որ «դեռ շատ հարցեր կան դրա անցկացման վերաբերյալ, ներառյալ գագաթնաժողովի  անցկացման վայրը»:

 

  • Կիսվել: