երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
ՌԴ-ի դեմ պատժամիջոցները պատերազմի ռիսկեր են պարունակում. Պապուաշվիլի

ՌԴ-ի դեմ պատժամիջոցները պատերազմի ռիսկեր են պարունակում. Պապուաշվիլի

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ասել է՝ Վրաստանը չի կարող պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, քանի որ դա պատերազմի և տնտեսական ճգնաժամի ռիսկեր կստեղծի, գրում է aliq.ge-ն:

Ըստ նրա՝ այն պայմաններում, երբ Վրաստանը չունի տնտեսական ու անվտանգության երաշխիքներ, «ոչ ոք չի կարող իշխանություններից պահանջել, որ վրաց ժողովրդին վտանգի ենթարկեն»։

«Ցանկացած նման գործողություն՝ վիզաների, սահմանի փակման, թռիչքների արգելման հետ կապված, սա պատժամիջոց է, ինչը նշանակում է, որ երկիրը գնալու է էսկալացիայի Ռուսաստանի հետ, էսկալացիա նշանակում է, որ մենք մտնում ենք այնպիսի շրջանակ, որի հետևանքները հնարավոր չէ կանխատեսել: Հետևաբար, ակնկալվում է, որ կլինեն պատասխան քայլեր, ինչն ի վերջո կնշանակի, որ վտանգվելու են մեր երկրի անվտանգությունը և մեր երկրի տնտեսական բարեկեցությունը»,- ասել է Պապուաշվիլին:

Պապուաշվիլին նաև ասել է, որ նրանք, ովքեր առաջարկում են վիզային սահմանափակումներ, սահմանների փակում, թռիչքների արգելում, օդային տարածքի փակում և այլն, իշխանություններին դրդում են ռիսկի դիմել:

«Այսինքն՝ նրանք, ովքեր առաջարկում են պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, իրականում մեզ ասում են, որ մենք պետք է ռիսկի դիմենք ու գնանք Ռուսաստանի հետ էսկալացիայի և, համապատասխանաբար, հնարավոր ռազմական առճակատման»,- նշել է խորհրդարանի նախագահը։

Ի դեպ, մայիսի 19-ին տեղի ունեցավ Մոսկվայից Թբիլիսի առաջին չվերթը, որին հաջորդեցին բողոքի ակցիաներ` ինչպես Թբիլիսիի միջազգային օդանավակայանում, այնպես էլ՝ խորհրդարանի շենքի դիմաց՝ պահանջելով արգելել թռիչքները։

Հիշեցնենք. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 10-ին հրամանագրեր է ստորագրել 2019 թվականից արգելված Վրաստանի հետ ուղիղ օդային հաղորդակցությունը վերականգնելու և 2000 թվականից գործող վիզային ռեժիմի չեղարկման մասին։

Նշենք նաև, որ 2008 թվականից՝ վրաց-ռուսական օգոստոսյան պատերազմից հետո, Վրաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական ​​հարաբերությունները խզվել են։

 

  • Կիսվել: