շաբաթ, հունիս 20
20 / 6 / 2026
ՌԴ ԱՀԾ-ն պնդում է՝ Լոնդոնն Ուկրաինայի կողմից կռվող ռուսաստանցիների միջոցով սադրանք է նախապատրաստում

ՌԴ ԱՀԾ-ն պնդում է՝ Լոնդոնն Ուկրաինայի կողմից կռվող ռուսաստանցիների միջոցով սադրանք է նախապատրաստում

Մեծ Բրիտանիան սադրանք է նախապատրաստում, որի շրջանակներում Ուկրաինայի զինված ուժերի կողմից կռվող մի խումբ ռուսաստանցիներ ծրագրում են հարձակվել Ուկրաինայի ռազմածովային ուժերի նավերից մեկի կամ եվրոպական նավահանգիստներից մեկում օտարերկրյա պետության քաղաքացիական նավի վրա։ Այս մասին ասված է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության՝ ԱՀԾ-ի տարածած հաղորդագրության մեջ:
 
Մասնավորապես, նշվում է. «Ահաբեկիչներին հայտնաբերելուց հետո նախատեսվում է հայտարարել, որ նրանք գործել են «Մոսկվայի հանձնարարությամբ»»:
 
Հաղորդագրության մեջ ասվում է նաև, որ Մեծ Բրիտանիան հաշվարկում է, որ ռուսատյացությամբ համակված եվրոպական քաղաքական վերնախավը ուրախությամբ կընդունի «Կրեմլի չարագործ գործակալների» մասին ֆեյքը՝ դրանով հիմնավորելով Ուկրաինային ռազմական օգնության հետագա ավելացման և «ռուսական ագրեսիայի» դեմ պայքարի համար Եվրոպայի ռազմականացման անհրաժեշտությունը։
Ըստ ռուսական կողմի՝ դիվերսիոն խմբի անդամներն արդեն գտնվում են Մեծ Բրիտանիայում, որտեղ կվարժեցվեն տվյալ հանձնարարությունն իրագործելու համար. նախատեսվում է նրանց հանձնել չինական արտադրության ստորջրյա սարքավորումներ՝ Չինաստանի կողմից օպերացիային աջակցելու «երկաթե ապացույցի» նպատակով:
 
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՀԾ-ն հայտարարել էր, որ Կիևը լեհական հատուկ ծառայությունների հետ համատեղ նոր սադրանք է նախապատրաստում:

  • Կիսվել: