ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների ընդլայնումը
Մոսկվայի դեմ Վաշինգտոնի կողմից պատժամիջոցների ճնշման ավելացումը երկկողմ հարաբերությունների կարգավորման որեւէ հնարավորություն չի ավելացնում, դրա համար պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է ԱՄՆ-ն, ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը, գրում է ՌԻԱ Նովոստի-ն:
Մեկնաբանելով Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը՝ կապված 2020-ի ընտրություններին իբր միջամտելու հետ՝ Ռյաբկովն ավելի վաղ նշել էր, որ Մոսկվան այդպիսի սպառնալիքին «հանգիստ» է վերաբերվում, քանի որ սահմանափակումներ արդեն ավելի քան 90 անգամ մտցվել են:
Ըստ նրա՝ նման գիծը «իհարկե, չի ավելացնում հարաբերությունների կարգավորման հնարավորությունները»:
Փոխնախարարը հավելել է. «Սակայն ռուս-ամերիկյան հարաբերությունների հետագա վատթարացման պատասխանատվությունն ամեն դեպքում ամբողջովին ընկնում է ԱՄՆ-ի վրա: Դրանում կասկած լինել չի կարող»
Նշենք, որ ԱՄՆ հետախուզական զեկույցը, որ գաղտնազերծվել էր երեքշաբթի օրը, Մոսկվային մեղադրում է Դոնալդ Թրամփին սատարելու, Ջո Բայդենին վարկաբեկելու եւ ամերիկյան հասարակության մեջ «պառակտում սերմանելու» փորձի համար: Գործող անձանց թվում, որոնք իբր փորձել են ազդել ընտրությունների վրա, նշվում են Իրանը, «Հըզբոլլահը» եւ Կուբան: Ենթադրվում է, որ ՉԺՀ-ն ակտիվ ջանքեր չի գործադրել ԱՄՆ ընտրություններում: Զեկույցի հրապարակումից հետո ամերիկյան լրատվամիջոցներում տեղեկություններ են հայտնվել Մոսկվայի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու հնարավորության մասին:
Զեկույցի հրապարակմանը զուգահեռ՝ չորեքշաբթի ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտնել է, որ Վաշինգտոնը Ռուսաստանը ավելացնում է այն երկրների ցանկում, որոնց հետ զենքի արտահանումն ու ներմուծումն ամբողջությամբ արգելված է: Ալեքսեյ Նավալնու հետ կապված իրավիճակի պատճառով ԱՄՆ-ի առեւտրային պատժամիջոցները կանդրադառնան ազգային անվտանգության հետ կապված արտահանման վրա, ավիացիայի եւ տիեզերքի համար մի շարք բացառություններ կգործեն միայն մինչեւ սեպտեմբերի 1-ը: Որոշումն ուժի մեջ կմտնի մարտի 18-ից: