ՌԴ ԱԳՆ-ն՝ Լավրովի հոսպիտալացման լուրի մասին
ՌԴ ԱԳՆ-ն հերքել է լրատվամիջոցներում տարածված տեղեկությունն առ այն, որ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հոսպիտալացվել է:
«Ես և Սերգեյ Վիկտորովիչը Ինդոնեզիայում լրահոսն ենք կարդում և չենք հավատում մեր աչքերին. պարզվում է, որ նա հոսպիտալացվել է: Սա, իհարկե, ֆեյքերի գագաթնակետն է։ Դե սպասեք, համաշխարհային էքսկլյուզիվի»,- գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Telegram-ի ալիքում։
Այնուհետև ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նաև տեսանյութ է հրապարակել, որում երևում է, որ Սերգեյ Լավրովն աշխատում է փաստաթղթերով՝ ինդոնեզական հյուրանոցի պատշգամբում գտնվող սեղանի շուրջ։ Զախարովայի խնդրանքին՝ մեկնաբանել իր հոսպիտալացման մասին լուրերը, նախարարը պատասխանել է արևմտյան լրագրողներին «ավելի ազնիվ լինելու» առաջարկությամբ։
Ինչպես գրում է kommersant.ru-ն, միևնույն ժամանակ Բալիի նահանգապետը հայտնել է, որ Սերգեյ Լավրովի առողջական վիճակը լավ է, սակայն հիվանդանոց էր գնացել հետազոտման համար։


