Պուտինը կոչ է արել ակտիվացնել հատուկ ծառայությունների աշխատանքը ԱՊՀ–ում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԱՊՀ երկրների հետախուզական ծառայությունների միջև կառուցողական փոխգործակցությունն անհրաժեշտություն է այսօրվա աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում։
«Կարևոր է ապակայունացում թույլ չտալ ԱՊՀ–ի ներսում և հարևան տարածաշրջաններում։ Իսկ դրա համար, ինչպես նախկինում, պետք է բացահայտել հավաքական անվտանգությանը սպառնացող ցանկացած բացասական միտում և պոտենցիալ սպառնալիք»,- ասված է ԱՊՀ երկրների անվտանգության և հետախուզական ծառայությունների ղեկավարների 20-րդ նիստի մասնակիցներին ուղղված ողջույնի ուղերձում։
Ուղերձն ընթերցել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը։
Ռուսաստանի նախագահի կարծիքով` անվտանգության ամրապնդման համար հետախուզական ծառայությունները պետք է ոչ միայն ուսումնասիրեն սպառնալիքները, այլև կանխատեսեն դրանց զարգացումը, իրականացնեն տեղեկատվության և աշխատանքային փորձի փոխանակում։
«Համոզված եմ, որ այս խորհրդակցությունը նշանակալից փուլ կդառնա՝ ի շահ մեր պետությունների և ժողովուրդների համագործակցության խորացման համար, կծառայի ԱՊՀ տարածքում խաղաղության և անվտանգության ամրապնդմանը», - նշել է Պուտինը։