չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Պուտինը, Հաղթանակի օրվա առիթով շնորհավորել է ԱՊՀ երկրների ղեկավարներին

Պուտինը, Հաղթանակի օրվա առիթով շնորհավորել է ԱՊՀ երկրների ղեկավարներին

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 78-ամյակի առթիվ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձներ է հղել Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Աբխազիայի, Հարավային Օսեթիայի առաջնորդներին, ինչպես նաև Վրաստանի և Մոլդովայի ժողովուրդներին։

«Նշանակալից այս օրը մենք հարգանքի և երախտիքի տուրք ենք մատուցում բոլոր նրանց, ում աննման սխրանքները մարտի դաշտերում և անձնուրաց աշխատանքը թիկունքում թույլ տվեցին ջախջախել նացիստական ​​զավթիչներին և պաշտպանել սեփական հայրենիքի ազատությունը», – Պուտինի ուղերձն է մեջբերում Կրեմլի մամուլի ծառայությունը։

Ինչպես նշել է նախագահը` «Մեծ հաղթանակի հոգևոր ժառանգությունը շարունակելու է նպաստել մեր երկրների և ժողովուրդների միջև հարաբերությունների ամրապնդմանն ու բեղուն զարգացմանը»։
Պուտինը շնորհակալական խոսքեր է փոխանցել Հայրենական մեծ պատերազմի վետերաններին և թիկունքի աշխատավորներին` մաղթելով նրանց առողջություն, ոգու առույգություն, բարեկեցություն և երկար տարիների կյանք։
«Այսօր մեր բարոյական պարտքն է սրբորեն պահպանել հայրերի և պապերի պատգամած ընկերության և փոխօգնության ավանդույթները, թույլ չտալ, որպեսզի խեղաթյուրվի Հայրենական մեծ պատերազմի մասին ճշմարտությունը, արդարացվեն նացիստները, նրանց հանցակիցներն ու ներկայիս գաղափարական ժառանգորդները», – ասվում է տեքստում։
Հաղորդագրության մեջ այս անգամ Ուկրաինան չի հիշատակվել։

  • Կիսվել: