Պուտինը և Էրդողանը քննարկել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, Ուկրաինան և էներգետիկ հարցերը
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատապարտել են Իսրայելի կողմից Իրանի դեմ ռազմական գործողությունները, որոնք ձեռնարկվել են ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի այլ նորմերի խախտմամբ, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Երկու կողմերն էլ լուրջ մտահոգություն են հայտնել Իրան-Իսրայել հակամարտության շարունակական սրման վերաբերյալ, որն արդեն հանգեցրել է մեծ թվով զոհերի և հղի է ամբողջ տարածաշրջանի համար լուրջ երկարաժամկետ հետևանքներով։ Առաջնորդները կողմ են արտահայտվել ռազմական գործողությունների անհապաղ դադարեցմանը և վիճելի հարցերի, այդ թվում՝ իրանական միջուկային ծրագրի հետ կապված հարցերի, բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով կարգավորմանը։
Համաձայնություն է ձեռք բերվել, որ այս առումով երկու երկրների համապատասխան գերատեսչությունները կպահպանեն սերտ համագործակցություն։
Ուկրաինական հարցը քննարկելիս Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել թուրքական կողմին ռուս-ուկրաինական ուղիղ բանակցություններում կազմակերպչական օգնության համար։ Նշվել է, որ Ռուսաստանը խստորեն պահպանում է երկրորդ փուլում ձեռք բերված պայմանավորվածությունները, այդ թվում՝ զոհված զինծառայողների մարմինների փոխանցման և ռազմագերիների փոխանակման վերաբերյալ։
Կատարվել է նաև մտքերի փոխանակում երկկողմ օրակարգի արդիական հարցերի, այդ թվում՝ էներգետիկ ոլորտի վերաբերյալ։ Այս թեման կքննարկվի Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում ռուս-թուրքական շփումների և այս տարվա հունիսի վերջին կայանալիք առևտրի և տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակներում։
Էրդողանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին և բոլոր ռուս քաղաքացիներին հունիսի 12-ին նշվող ազգային տոնի՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ։