կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Պուտինը չի մեկնի ՀԱՀ-ում կայանալիք BRICS-ի երկրների գագաթնաժողովին

Պուտինը չի մեկնի ՀԱՀ-ում կայանալիք BRICS-ի երկրների գագաթնաժողովին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի մեկնի Հարավաֆրիկյան Հանրապետությունում կայանալիք BRICS-ի երկրների գագաթնաժողովին։ Նրա փոխարեն Ռուսաստանը գագաթնաժողովի ընթացքում կներկայացնի ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

՛՛Նախագահ Պուտինը որոշել է BRICS-ի գագաթնաժողովին մասնակցել տեսակոնֆերանսի ձևաչափով։ Դա կլինի լիարժեք մասնակցություն՛՛,-ասել է Պեսկովը:

Նա նաև հերքել է այն տեղեկությունները, թե իբր Ռուսաստանը ՀԱՀ-ի նախագահ Սիրիլ Ռամաֆոսային հասկացրել է, որ հանրապետությունում Վլադիմիր Պուտինի ձերբակալությունը՝ համաձայն Միջազգային քրեական դատարանի հրամանի, համազոր կլինի պատերազմ հայտարարելու։

՛՛Ոչ ոք ոչ մեկին ոչինչ չի հասկացրել։ Այս աշխարհում անխտիր բոլորի համար պարզ է, թե ինչ է նշանակում ոտնձգության փորձ ռուսական պետության ղեկավարի վրա։ Հետևաբար, որևէ մեկին որևէ բան բացատրելու կարիք չկա՛՛,-վստահեցրել է Պեսկովը։

Հիշեցնենք, որ մարտի 17-ին Միջազգային քրեական դատարանը Վլադիմիր Պուտինին և ՌԴ նախագահին առընթեր երեխաների իրավունքների հարցերի հանձնակատար Մարիա Լվովա-Բելովային ձերբակալելու հրաման է տվել՝ ուկրաինացի երեխաների ապօրինի արտաքսման մեղադրանքով։ Մեկնաբանելով այս որոշումը՝ Պեսկովն ավելի վաղ նշել էր, որ Մոսկվան չի ճանաչում ՄՔԴ-ի իրավասությունը։

 

  • Կիսվել: