Պենտագոնը թույլատրել է հակահետևակային ականների նոր մատակարարումներ Ուկրաինային
ԱՄՆ-ը չի բացառում Ուկրաինային ապագա զենքի մատակարարումների մեջ հակահետևակային ականներ ներառելու հնարավորությունը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը։
«Հակահետևակային ականները ներառված էին վերջին փաթեթում, իսկ հետագա փաթեթների մասով դեռ ոչինչ չունեմ հայտարարելու»,-ասել է նա։ Լրագրողի այն հարցին, թե արդյոք հակահետևակային ականները կարող են ներառվել ապագայում Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության փաթեթներում, Սինգհը պատասխանել է՝ «բացարձակապես»:
Պենտագոնի ներկայացուցիչը խուսափել է պատասխանել նաև այն հարցին, թե ինչպես է Վաշինգտոնը վերահսկելու Կիևի իշխանություններին ականների օգտագործման հարցում։
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը նոյեմբերի 20-ին հաստատել է, որ ԱՄՆ վարչակազմը թույլատրել է հակահետևակային ականներ օգտագործել Ուկրաինայում։ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերի խոսքով՝ դրանք իներտ են դառնում տեղադրումից առավելագույնը երկու շաբաթ անց։