Պայթյուն Փարիզում. կան վիրավորներ
Այսօր խոշոր պայթյուն է տեղի ունեցել Փարիզի 5-րդ թաղամասի շենքում, որի մի մասը փլուզվել է, տեղեկացնում է France24-ը։
Նշվում է, որ Փարիզի ոստիկանությունը հայտնել է, որ 7 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է, ևս 9 բուժվում է լուրջ վնասվածքներով:
Թաղամասում հրդեհ է բռնկվել, որը մարվել է․ ականատեսները նկարագրել են, որ հրդեհին նախորդող հզոր պայթյուն է լսվել՝ հավելելով, որ շենքի մի մասը փլուզվել է:
Փարիզի ոստիկանության խոսնակ Լուբնա Ատտան ասել է, որ դեռ վաղ է հրդեհի աղբյուրը պարզելու համար և չի կարող հաստատել տեղեկություններ, որ դա գազի պայթյունի հետևանք է:
Փարիզի դատախազության տվյալներով՝ ՛՛շենք է բռնկվել ու մասամբ փլուզվել՛՛ Սեն-Ժակ փողոցում՝ Նոտր Դամ դյու Վալ-դը-Գրաս եկեղեցու մոտ։ Դատախազությունը նշել է, որ հայտնի չէ պայթյունի պատճառը։
Ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը կոչ է արել մարդկանց խուսափել Սեն-Ժակ փողոցի շրջակայքից, որպեսզի չխանգարեն դեպքի վայրում իրականացվող աշխատանքներին:
Թարմացում. ավելի ուշ հայտնի է դարձել, որ պայթյունի պատճառը եղել է գազի արտահոսքը: Հրդեհը մարվել է: