շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Պատվաստման ներկայիս տեմպերի պահպանման դեպքում կորոնավիրուսի համավարակը նախատեսվածից երկար կտևի. ԱՀԿ

Պատվաստման ներկայիս տեմպերի պահպանման դեպքում կորոնավիրուսի համավարակը նախատեսվածից երկար կտևի. ԱՀԿ

Աշխարհում պատվաստման ներկայիս տեմպերի պահպանման դեպքում կորոնավիրուսի համավարակը նախատեսվածից ավելի երկար կտևի՝ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը՝ նշելով, որ համավարակը կարող է շարունակվել 2022 թվականի ընթացքում:

Ըստ ԱՀԿ ղեկավարի խորհրդականի՝ աղքատ երկրները չեն ստանում անհրաժեշտ քանակի պատվաստանյութ. այս պահի դրությամբ Աֆրիկայի բնակչության ընդամենը 5 տոկոսն է պատվաստվել: ԱՀԿ պաշտոնյան նշել է, որ զարգացած երկրները չեն կատարում աղքատ երկրներին դեղամիջոցների մատակարարման իրենց պարտավորությունները։ Կորոնավիրուսից աշխարհում արդեն ավելի քան 4 մլն 900 հազար մարդ է մահացել:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վերսկսել է կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի հաստատման ընթացակարգը: ԱՀԿ մասնագետներն առաջիկայում ստուգումներ իրականացնելու նպատակով կայցելեն Ռուսաստան: Ռուսական կողմը կարծում է, որ պատվաստանյութի հաստատման գործընթացը կավարտվի առաջիկա մի քանի ամսվա ընթացքում:

Ռուսաստանում հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 7-ը ոչ աշխատանքային օրեր են հայտարարվել: Վլադիմիր Պուտինը կառավարության անդամների հետ հանդիպմանը շեշտել է, որ պետք է նվազեցնել համավարակի նոր ալիքի պիկը, և ողջունել է ոչ աշխատանքային օրեր սահմանելու որոշումը:

Իշխանությունը քննարկում է այդ ժամանակահատվածում Մոսկվայում լոքդաուն սահմանելու հնարավորությունը: Երեկ Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահացության հերթական ռեկորդը՝ 1028 դեպք 1 օրում:

Ռուսաստանում հայտնաբերել են կորոնավիրուսի դելտա շտամի նոր տեսակի եզակի դեպքեր՝ հայտարարել Է «Ռոսպոտրեբնադզորի» համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտը:

Գիտնականների կարծիքով՝ նոր տեսակը դելտայի բազմաթիվ ճյուղավորումներից մեկն Է, իսկ լայն ու արագ տեմպով տարածման հավանականությունը Ռուսաստանում և ամբողջ աշխարհում բավականին մեծ Է:

«Ռոսպոտրեբնադզորի» ներկայացուցիչը չի բացառում, որ դելտայի այդ տարատեսակը կարող Է հրահրել հիվանդացության լրացուցիչ վերելք: Նա ընդգծել Է, որ դրա դեմ պայքարին կարող Է օգնել պատվաստանյութը:

  • Կիսվել: