ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Իրանում պատերազմի հետևանքով վեց հիվանդանոց տարհանվել է. ԱՀԿ

Իրանում պատերազմի հետևանքով վեց հիվանդանոց տարհանվել է. ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Հանան Բալխին հայտարարել է, որ Իրանում ռազմական գործողությունների հետևանքով վեց հիվանդանոց տարհանվել է, տեղեկացնում է Reuters-ը:

Կայքի հետ զրույցում նա, մասնավորապես, նշել է. «Իրանի առաջնային առողջապահական համակարգը և առողջապահական ենթակառուցվածքները բավականին ուժեղ և դիմացկուն են, և դրանք ներկա պահին ի վիճակի են բուժել վիրավորներին»:

Նշվում է, որ Ժնևում ՄԱԿ-ում Իրանի դեսպան Ալի Բահրեյնին երկուշաբթի հայտարարել է, որ փետրվարի 28-ին սկսված հակամարտության սկզբից ի վեր զոհվել է ավելի քան 1300 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 7000 մարդ։

ԱՀԿ-ն, որը գրասենյակ ունի Թեհրանում և հիվանդությունների կառավարման գործում աջակցում է Իրանի իշխանություններին, գրանցել է առողջապահական հաստատությունների վրա 18 հարձակում և ութ առողջապահական աշխատողի մահ։

Բալխին հավելել է, որ կազմակերպությունը ծրագրեր ունի արագ մարդասիրական օգնություն հասցնելու, եթե իրավիճակը վատթարանա։

Նա նաև նշել է, որ ռիսկերից մեկը վնասված նավթային օբյեկտներից թունավոր նյութերի արտահոսքի հետևանքով առաջացող «սև անձրևն» է, որը կարող է մեծացնել առողջապահական համակարգի բեռը՝ շնչառական հիվանդությունների աճի պատճառով։

  • Կիսվել: