կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Պատին ամրացված բանանը Նյու Յորքում վաճառվել է 6,2 միլիոն դոլարով. գնորդը պատրաստվում է ուտել այն

Պատին ամրացված բանանը Նյու Յորքում վաճառվել է 6,2 միլիոն դոլարով. գնորդը պատրաստվում է ուտել այն

Իտալացի նկարիչ Մաուրիցիո Կատելանի «Երգիծաբանը» խորագրով գործը, որն իրենից ներկայացնում է կպչուն ժապավենով պատին փակցված թարմ բանան, ևս մեկ անգամ գերել է շատերին՝ Նյու Յորքի Sotheby’s աճուրդի տանը վաճառվելով 6,2 միլիոն դոլարով։ Այս մասին հայտնել է Sotheby’s-ը X սոցիալական հարթակում։

 

Պատին փակցված բանանը գնել է ծագումով չինացի կրիպտո միլիոնատեր Ջասթին Սունը։

France24-ը հիշեցնում է, որ «Երգիծաբան»-ի դեբյուտը կայացել է Մայամի Բիչում 2019 թվականին․ այն լուրջ հակասություններ էր առաջացրել և հարցեր բարձրացրել՝ արդյոք դա պետք է համարվի արվեստի գործ։ 5 տարի առաջ արծաթագույն կպչուն ժապավենով պատին փակցված բանանը վաճառվել էր 120 000 դոլարով։

«Սա պարզապես արվեստի գործ չէ, այն ներկայացնում է մշակութային երևույթ, որը կամրջում է արվեստի աշխարհները, մեմերը և կրիպտոարժույթների հանրությունը։ Կարծում եմ, որ այս ստեղծագործությունն ապագայում ավելի շատ մտքեր ու քննարկումներ կներշնչի և կդառնա պատմության մի մասը», - ասել է Սունը:

Կատելանի աշխատանքը կարող էր հասնել 7 հավանական գնորդի։ Աճուրդի տունը գերազանցել է բոլոր սպասելիքները, քանի որ ակնկալվում էր, որ «Երգիծաբան»-ը կվաճառվի 1-1,5 միլիոն դոլարով։

Ջասթին Սունին տրվելու է գնման վկայագիր, որ աշխատանքը ստեղծվել է Մաուրիցիո Կատելանի կողմից։ Բացի այդ, նա կստանա ցուցումներ՝ ինչպես փոխարինել միրգը, երբ այն փչանա։

Սունը հայտնել է, որ մտադիր է ուտել բանանը։

 

  • Կիսվել: