շաբաթ, մայիս 31
31 / 5 / 2025
Նախկին զինվորականին սպանելու նպատակով լրտեսության համար Գերմանիայում մեղադրում են ՀՀ, ՌԴ և Ուկրաինայի երեք քաղաքացիների

Նախկին զինվորականին սպանելու նպատակով լրտեսության համար Գերմանիայում մեղադրում են ՀՀ, ՌԴ և Ուկրաինայի երեք քաղաքացիների

Գերմանիայում երեք անձի մեղադրանք է առաջադրվել ռուսական հատուկ ծառայությունների օգտին աշխատելու և ամենայն հավանականությամբ՝ մարդու սպանության դավադրություն կազմակերպելու համար: Այս մասին տեղեկացնում է Euronews-ը՝ հղում անելով դաշնային դատախազության տվյալներին:

Նշվում է, որ անցյալ տարի հունիսի 19-ին Ֆրանկֆուրտում «առանձնապես ծանր գործով» ձերբակալված երեք տղամարդիկ նույնականացվել են որպես Ուկրաինայի քաղաքացի Ռոբերտ Ա., Հայաստանի քաղաքացի Վարդգես Ի. և Ռուսաստանի քաղաքացի Արման Ս.:

Նրանց ամբողջական անունները չեն հրապարակվել՝ ըստ Գերմանիայի գաղտնիության կանոնակարգերի։

«Լրտեսական գործողությունը, ենթադրաբար, ծառայել է որպես Գերմանիայում հետագա հետախուզական գործողությունների նախապատրաստություն, որոնք կարող էին նույնիսկ սպանությունների հանգեցրել», -նշել են դատախազությունում։

Գերմանացի դատախազները հայտարարել են, որ Հայաստանի քաղաքացի Վարդգես Ի.-ն 2024 թվականի մայիսի սկզբին ռուսական հատուկ ծառայություններից հրաման է ստացել լրտեսել Գերմանիայում բնակվող ոմն տղամարդու, որը 2022 թվականին պատերազմի սկսվելուց ի վեր կռվել է Ուկրաինայի զինված ուժերում։

Այս նպատակով Վարդգես Ի.-ն հավաքագրել է Ռոբերտ Ա.-ին և Արման Ս.-ին, որոնք մեղադրվում են Ֆրանկֆուրտի կենտրոնում գտնվող սրճարանում տղամարդուն հանդիպման հրավիրելու փորձ կատարելու մեջ՝ նրա ինքնությունը պարզելու և նրա մասին լրացուցիչ տեղեկություններ հավաքելու նպատակով։

Քանի որ տղամարդը նախկինում կապի մեջ էր գերմանական ոստիկանության հետ, հանդիպումն այդպես էլ տեղի չի ունեցել, հայտնել են դատախազությունում՝ հավելելով, որ երեք տղամարդիկ դեռևս կալանքի տակ են։

  • Կիսվել: