ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Նախագահ Մուլինոն արձագանքել է Պանամայի ջրանցքի վերաբերյալ Թրամփի հայտարարությանը

Նախագահ Մուլինոն արձագանքել է Պանամայի ջրանցքի վերաբերյալ Թրամփի հայտարարությանը

Պանամայի ջրանցքի յուրաքանչյուր մետրը պատկանում է Պանամային, երկրի ինքնիշխանությունը և անկախությունը չեն կարող բանակցությունների առարկա լինել։ Ինչպես  տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է կենտրոնամերիկյան պետության ղեկավար Խոսե Ռաուլ Մուլինոն՝ ի պատասխան ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի այն խոսքի, թե Վաշինգտոնը կարող է պահանջել վերադարձնել վերահսկողությունը Պանամայի ջրանցքի նկատմամբ, եթե դրա օգտագործման ընթացիկ  պայմանները չվերանայվեն։

«Պանամայի ջրանցքի յուրաքանչյուր մետրը պատկանում է Պանամային, այդպես կլինի այսուհետ ևս», - ասված է ազգին հղած Մուլինոյի ուղերձում, որը հրապարակվել է սոցիալական ցանցերում և տեղական զանգվածային լրատվամիջոցներում: 

«Մեր երկրի ինքնիշխանությունը և անկախությունը չեն կարող բանակցությունների առարկա լինել», - ընդգծել է նա՝ Պանամայի ջրանցքն անվանելով երկրի պատմության մի մասը։

Մուլինոն հիշեցրել է, որ 1977 թվականին ստորագրված Տորիխոսի-Քարտերի պայմանագիրը նախատեսել է Պանամայի ջրանցքի, այսպես կոչված, գոտու վերացումը և հաստատել է Պանամայի ինքնիշխանությունն այդ ջրուղու նկատմամբ։ Ջրանցքի վերջնական փոխանցումը Պանամային ավարտվել է 1999 թվականի դեկտեմբերին։

«Շուտով մենք կնշենք այդ փոխանցման 25-ամյա հոբելյանը»,- ​​ընդգծել է Պանամայի ղեկավարը։ 

Նա հիշեցրել է, որ այդ ժամանակվանից ի վեր ոչ մի հարց կամ պահանջ չի եղել այդ առիթով։ Մուլինոն հավելել է, որ ջրանցքը լայնացվել է Պանամայի իշխանությունների որոշմամբ և այժմ իրենից ներկայացնում է կարևորագույն նախագիծ, որը հարյուր միլիոնավոր դոլար է բերում երկրի տնտեսությանը։

Պատասխանելով Պանամայի ջրանցքով նավերի անցման համար իբր բարձր սակագների մասին Թրամփի բողոքներին՝ Պանամայի նախագահը նշել է, որ այդ սակագները սահմանվում են հրապարակայնորեն և բացահայտ՝ նկատի առնելով շուկայի պայմանները, միջազգային մրցակցությունը, ընթացիկ գները և նորոգման աշխատանքների և արդիականացման անհրաժեշտությունը։ Մուլինոն նաև ընդգծել է, որ ձգտում է պահպանել «լավ և հարգալից հարաբերությունները» Թրամփի ապագա վարչակազմի հետ։

Դեկտեմբերի 22-ին Թրամփն իր Truth Social սոցիալական ցանցում հայտարարել էր, թե ԱՄՆ-ն կարող է պահանջել վերադարձնել վերահսկողությունը Պանամայի ջրանցքի նկատմամբ, եթե դրա օգտագործման ընթացիկ պայմանները չվերանայվեն։ Նա քննադատել է ջրանցքից օգտվելու համար գանձվող բարձր սակագները, և ընդգծել, որ 1999 թվականին ջրանցքի կառավարման փոխանցումը եղել է «համագործակցության ժեստ», այլ ոչ թե զիջում այլ երկրների օգտին, և Պանամայի իշխանություններին կոչ է արել վերանայել իրենց քաղաքականությունը։

 

  • Կիսվել: