շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
 Վրաստանի վարչապետը բացառել է Սաակաշվիլիի վաղաժամկետ ազատման հնարավորությունը

Վրաստանի վարչապետը բացառել է Սաակաշվիլիի վաղաժամկետ ազատման հնարավորությունը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի վաղաժամկետ ազատումը բանտից անհնար է՝ հավելելով, որ նա կազատազրկվի առնվազն վեց տարով։

«Միտումնավոր կերպով տեղեկատվություն է տարածվում, որ իբր նա վեց տարի չի լինի անազատության մեջ, նրան կհանձնեն Ուկրաինային և այլն: Այս ամենը բացառվում է: Բացառվում է, որ Սաակաշվիլին բանտից դուրս գա ժամկետից շուտ: Նա բանտում կմնա առնվազն վեց տարի»,- ասել է Ղարիբաշվիլին:

Սաակաշվիլին ձերբակալվել է Վրաստանում հոկտեմբերի 1-ին: Միաժամանակ, Վրաստանի օմբուդսմեն Նինո Լոմջարիան հայտարարել էր, որ ձերբակալությունից հետո նա հացադուլ էր սկսել, քանի որ համաձայն չէ առաջադրված մեղադրանքների հետ և իրեն համարում է քաղբանտարկյալ: Վրաստանում Սաակաշվիլին ներգրավված է մի քանի քրեական գործերում: Նախկին նախագահը հեռակա դատապարտվել է բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության և պատգամավոր Վալերի Գելաշվիլիի ծեծի համար: Առաջին դեպքում նա դատապարտվել է երեք տարվա ազատազրկման, երկրորդում՝ վեցի: Բացի այդ, Սաակաշվիլին ներգրավված է 2007 թվականի նոյեմբերի 7-ին ընդդիմության հանրահավաքը ցրելու, «Իմեդի» հեռուստաընկերության ջարդի և պետական բյուջեից միջոցների յուրացման գործերում: Դրանք դեռ դատարանում են:

  • Կիսվել: