Մոսկվային և Դամասկոսին հաջողվել է մեռյալ կետից շարժել տնտեսական ոլորտի փոխգործակցության մակարդակը. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում հանդիպել է Սիրիայի անցումային շրջանի ղեկավար Ահմեդ աշ-Շարաայի հետ, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:
Նշվում է, որ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահը հայտարարել է, որ Մոսկվային և Դամասկոսին հաջողվել է մեռյալ կետից շարժել տնտեսական ոլորտի փոխգործակցության մակարդակը, շարժն ակնհայտ է, և անհրաժեշտ է պահպանել այդ միտումը:
Նա նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է համատեղ աշխատել Սիրիայի վերականգնման ուղղությամբ և աջակցում է երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնելու սիրիական ջանքերին:
«Ռուս-սիրիական հարաբերությունները խոր արմատներ ունեն: Դեռ 1944 թվականին, երբ ընթանում էր Երկրորդ համաշխարհային պատերազմը, Խորհրդային Միությունն ու Սիրիան ստորագրեցին դիվանագիտական հարաբերությունների մասին համապատասխան համաձայնագիրը: Եվ այս բոլոր տարիների ընթացքում միջպետական մակարդակում երբեք որևէ մռայլ էջ չի եղել»,-ասել է Պուտինը:
Իր հերթին Ահմեդ աշ-Շարաան ընդգծել է, որ անցած տարվա ընթացքում Ռուսաստանի և Սիրիայի միջև տարբեր մակարդակներով փոխադարձ այցելությունների թիվը հասել է 13-ի:
Հավելենք, որ աշ-Շարաան Ռուսաստան է մեկնել հերթական աշխատանքային այցով։


