երկուշաբթի, հոկտեմբեր 5
5 / 10 / 2026
Մոլդովան վստահորեն շարժվում է դեպի ԵՄ միասնական շուկա. Կալաս

Մոլդովան վստահորեն շարժվում է դեպի ԵՄ միասնական շուկա. Կալաս

Մոլդովան դարձել է ԵՄ-ի հետ անվտանգության և պաշտպանության ոլորտում գործընկերություն կնքած առաջին երկիրը: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը, որը  ԵՄ-Մոլդովա ասոցացման խորհրդի նիստից հետո Եվրահանձնաժողովի ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի և Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆանի հետ հանդես է եկել մամուլի ասուլիսով:

Նա, մասնավորապես, նշել է. «Մեր տնտեսական կապերը նույնպես ամրապնդվել են։ ԵՄ -ն Մոլդովայի խոշոր առևտրային գործընկերն է։ ԵՄ աճի ծրագրի շրջանակներում մենք պարտավորվել ենք 1,9 միլիարդ եվրո հատկացնել ձեր տնտեսությանը, ենթակառուցվածքներին և փոխադարձ ինտեգրմանն աջակցելու համար: Եվ այսօր մենք տրամադրում ենք 157 միլիոն եվրոյի հերթական տրանշը։

Մոլդովան վստահորեն շարժվում է դեպի ԵՄ միասնական շուկա։ Դուք միացել եք եվրոյով վճարումների միասնական գոտուն, նաև ԵՄ շարժական ռոումինգի միասնական գոտուն, որը գործնական օգուտ է Մոլդովայի քաղաքացիների և բիզնեսի համար»:

ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորել է նաև անվտանգության խնդիրը, քանի որ՝ «Եվրոպայում վերջին շաբաթներին նկատվում է ռուսական հիբրիդային հարձակումների, դիվերսիոն փորձերի և օդային տարածքի խախտումների աճ: Ռուսական հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը անցած հանգստյան օրերին կրկին խախտել են Մոլդովայի օդային տարածքը»:

«Մոլդովայի անդամակցությունը ԵՄ-ին մեր ընդհանուր նպատակն է: Այս ձևաչափով մեր վերջին հանդիպումից ի վեր Մոլդովան զգալի առաջընթաց է գրանցել անդամակցության ուղղությամբ»,-հավելել է նա:

  • Կիսվել: