երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Միջուկային զենք ունեցող տերությունները համաշխարհային անվտանգության վերաբերյալ հայտարարություն են տարածել

Միջուկային զենք ունեցող տերությունները համաշխարհային անվտանգության վերաբերյալ հայտարարություն են տարածել

Ռուսաստանը, Չինաստանը, ԱՄՆ-ը, Միացյալ Թագավորությունը և Ֆրանսիան միջուկային պատերազմի և սպառազինությունների մրցավազքի կանխման վերաբերյալ համատեղ հայտարարություն են ընդունել:

Փաստաթղթում նշվում է, որ «հնգյակը» իր առաջնահերթ պատասխանատվությունն է համարում միջուկային զենք ունեցող պետությունների միջև պատերազմ թույլ չտալը և ռազմավարական ռիսկերի նվազեցումը։

«Մենք հայտարարում ենք, որ միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել, և այն երբեք չպետք է սանձազերծվի։ Քանի որ միջուկային զենքի կիրառումը հեռուն գնացող հետևանքներ կունենար, մենք նաև հաստատում ենք, որ միջուկային զենքերը, քանի դեռ դրանք շարունակում են գոյություն ունենալ, պետք է ծառայեն պաշտպանական նպատակներին, ագրեսիայի զսպմանը և պատերազմի կանխմանը։ Մենք կարծում ենք, որ նման սպառազինությունների հետագա տարածումը պետք է կանխվի»,- ասված է հայտարարության մեջ։

Երկրները հավատարմություն են հայտնել «Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրով» ստանձնած պարտավորություններին: Նրանք վերահաստատել են, որ իրենց ունեցած միջուկային զենքերն ուղղված չեն միմյանց, ինչպես նաև աշխարհի ցանկացած այլ պետության դեմ:

«Մենք մտադիր ենք հետագայում ևս զբաղվել երկկողմ և բազմակողմ դիվանագիտական մոտեցումների որոնմամբ, որպեսզի խուսափենք ռազմական առճակատումից, ամրապնդենք կայունությունն ու կանխատեսելիությունը, բարձրացնենք փոխադարձ ըմբռնման և վստահության մակարդակը և կանխենք սպառազինությունների մրցավազքը, որը ոչ մեկին օգուտ չի բերի և սպառնալիք կդառնա բոլորի համար: Մենք հաստատակամ ենք կառուցողական երկխոսություն վարել փոխադարձ հարգանքի և անվտանգության ոլորտում միմյանց շահերի ու մտահոգությունների ճանաչման հիման վրա»,- նշված է հայտարարության մեջ:

  • Կիսվել: