Միացյալ Նահանգները Թրամփի ծննդյան օրը մեծ զորահանդես է կազմակերպելու
ԱՄՆ բանակը պատրաստվում է Վաշինգտոնում վիթխարի զորահանդես անցկացնել, որին կմասնակցեն հազարավոր զինվորներ և հարյուրավոր տրանսպորտային միջոցներ, հաղորդում է Associated Press-ը։
Նախնական ծրագրով՝ շքերթը պետք է տեղի ունենա հունիսի 14-ին Վաշինգտոնում՝ Ազգային ծառուղում։ Նախատեսվում է ներգրավել ավելի քան 6600 զինծառայող, առնվազն 150 միավոր տեխնիկա, 50 ուղղաթիռ, յոթ զինվորական նվագախումբ և մեծ թվով քաղաքացիական անձինք։
Միջոցառումն ԱՄՆ բանակի 250-ամյակին նվիրված տոնակատարության մի մասն է, սակայն տոնակատարության նոր տարրը զորահանդեսն է՝ մի գաղափար, որը վաղուց առաջ էր մղում Դոնալդ Թրամփը։ Այն անցկացնելու որոշումը դեռևս վերջնականապես չի ընդունվել։
Փաստաթղթերում չի նշվում միջոցառման մոտավոր արժեքը, սակայն վերլուծաբանները գնահատում են, որ ծախսերը կարող են հասնել տասնյակ միլիոնավոր դոլարների։ Մասնավորապես, դա վերաբերում է լոգիստիկ աջակցությանը՝ սարքավորումների, ինքնաթիռների և անձնակազմի տեղափոխումը մայրաքաղաք, ինչպես նաև միջոցառման մասնակիցների կացարանն ու սնունդը։ Այդ ծրագրերը մտահոգություններ են առաջացրել Վաշինգտոնի քաղաքային իշխանությունների շրջանում՝ ծանր տեխնիկայի կողմից ճանապարհի մակերեսը վնասելու հնարավորության առնչությամբ։
Նախագահ Թրամփի 2017 թվականին զորահանդես անցկացնելու առաջին նախաձեռնությունը չեղարկվեց հենց իրականացման չափազանց մեծ ծախսերի պատճառով. այդ ժամանակ միջոցառումը 92 միլիոն ԱՄՆ դոլար էր գնահատվում։