շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Մերձավորարևելյան հակամարտության ընթացքում 2100 երեխա է զոհվել կամ վիրավորվել. ՅՈՒՆԻՍԵՖ

Մերձավորարևելյան հակամարտության ընթացքում 2100 երեխա է զոհվել կամ վիրավորվել. ՅՈՒՆԻՍԵՖ

Առնվազն 2100 երեխա է զոհվել կամ վիրավորվել փետրվարի 28-ին Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության և Իրանի պատասխան գրոհների ընթացքում։ Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) գործադիր տնօրենի տեղակալ Թեդ Չայբանը:

«Մերձավոր Արևելքում հակամարտության սրման 23 օրվա ընթացքում տարածաշրջանի երեխաներն իրենց վրա զգում են դրա սարսափելի հետևանքները.... Ավելի քան 2100 երեխա է զոհվել կամ վիրավորվել, ներառյալ՝ 206 զոհված երեխա Իրանում և 118-ը՝ Լիբանանում: Չորս երեխա սպանվել է Իսրայելում և մեկը՝ Քուվեյթում», - ճեպազրույցի ժամանակ նրա խոսքերն է փոխանցում ՏԱՍՍ-ը։

Պաշտոնյան զգուշացրել է, որ մարտական գործողությունների շարունակման դեպքում զոհերի թիվը կաճի:

«Պատերազմի սկզբից ի վեր օրական միջինը վիրավորվում կամ զոհվում է 87 երեխա», - ընդգծել է նա:

Չայբանը հավելել է, որ մարտական գործողությունների ընթացքում ավերվել կամ վնասվել են «տներ, դպրոցներ, հիվանդանոցներ» և այլ ենթակառուցվածքներ, որոնցից կախված է երեխաների բարեկեցությունը:

 

  • Կիսվել: