շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
ՄԱԿ-ը ռազմական հանցագործություն է անվանել Իրանի բանտի վրա Իսրայելի օդային հարվածը

ՄԱԿ-ը ռազմական հանցագործություն է անվանել Իրանի բանտի վրա Իսրայելի օդային հարվածը

Անցյալ տարի իրանական բանտի վրա Իսրայելի իրականացված օդային հարվածը ռազմական հանցագործություն է: Այս մասին հայտարարել է Իրանի հարցով անկախ միջազգային փաստահավաք առաքելության նախագահ Սառա Հոսեյնին՝ նախազգուշացնելով ԱՄՆ-ի և Իսրայելի շարունակվող ռմբակոծությունների ֆոնին հետագա հաշվեհարդարների վտանգի մասին։

Ըստ իրանական իշխանությունների՝ անցյալ տարվա հունիսին Թեհրանի Էվին բանտի վրա կատարված հարվածի հետևանքով զոհվել է ավելի քան 70 մարդ։ Բանտը նաև վնասվել է ԱՄՆ-ի և Իսրայելի վերջին հարվածների ժամանակ, ինչը մտահոգություններ է առաջացրել բանտարկյալների, նրանց թվում՝ բրիտանացի զույգի անվտանգության վերաբերյալ։

«Մենք բավարար հիմքեր ունենք կարծելու, որ Իսրայելը ռազմական հանցագործություն է կատարել՝ Էվին բանտի վրա իր օդային հարվածներով կանխամտածված կերպով հարձակվելով քաղաքացիական թիրախի վրա»,- նշել է Հոսեյնը։

Ըստ նրա՝ զոհվել է 80 մարդ, որոնց թվում՝ մեկ երեխա և ութ կին։ Հոսեյնի վերջին զեկույցը, որը հիմնված է զոհերի և վկաների հետ հարցազրույցների, արբանյակային լուսանկարների և այլ փաստաթղթերի վրա, ներկայացվել է Խորհրդին երկուշաբթի օրը։

Հոսեյնը դատապարտել է Իրանում քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի աճը և մտահոգություն հայտնել, որ ներկայիս ռմբակոծությունների արշավը կարող է հանգեցնել այլախոհների նկատմամբ ավելի կոշտ ճնշման: 

ՄԱԿ-ի՝ Իրանի հարցերով մարդու իրավունքների փորձագետ Մայ Սատոն մտահոգություն է հայտնել բանտարկյալների ճակատագրի վերաբերյալ, դրանց թվում՝ հունվարին զանգվածային բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների: Նրա խոսքով՝ Ընտանիքները չեն կարողանում կապ հաստատել իրենց հարազատների հետ, իսկ բանտերում սննդի և դեղորայքի պաշարները նվազում են։

Իրանի դեսպան Ալի Բահրեյնին կոչ է արել դատապարտել ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները, որոնք, ըստ նրա, երկրում ավելի քան 1300 մարդու կյանք են խլել:

Հավելենք, որ Իսրայելը չի ​​մասնակցել քննարկմանը և լքել է Խորհրդի նիստը՝ իր տեղը դատարկ թողնելով։

  • Կիսվել: