կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Մահացել է ուկրաինացի պատգամավոր, Հայոց ցեղասպանության ճանաչման որոշման նախագծի հեղինակ Անտոն Պոլյակովը

Մահացել է ուկրաինացի պատգամավոր, Հայոց ցեղասպանության ճանաչման որոշման նախագծի հեղինակ Անտոն Պոլյակովը

Այսօր առավոտյան Կիևի դնեպրյան շրջանում հայտնաբերվել է Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Անտոն Պոլյակովի դին: Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները: Իրավապահ մարմինների տրամադրած տվյալներով՝ Պոլյակովի ինքնազգացողությունը վատացել է ճանապարհին՝ տաքսու մեջ։

Ըստ որոշ լուրերի՝ նա պատահական տաքսի է նստել, ոչ թե նախապես պատվիրած: Մեքենան ոստիկանները կանգնեցրել են, քանի որ վարորդը ճանապարհային երթևեկության կանոնները խախտել է: Մահացածի մոտ եղած բոլոր արժեքավոր իրերը տեղում են, արտաքինից մարմնական վնասվածքների հետքեր չեն երևում:

Շտապօգնության ծառայության բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը, հայտնել է Կիևի ոստիկանությունը։ Զոհվածի մարմինը կուղարկվի դատաբժշկական փորձաքննության, որը պետք է պարզի մահվան պատճառը: Մահվան փաստով հարուցվել է քրեական գործ «կանխամտածված սպանության» հոդվածով՝ «բնական մահ» նշագրմամբ։

Ինչպես տեղեկացնում է AnalitikaUA.net-ը, Կիեւի դատախազությունը ժողպատգամավոր Անտոն Պոլյակովի մահվան նախնական պատճառ է նշել սրտի արյունատար անոթների սուր անբավարարությունը, սուր իշեմիկ հիվանդությունը։ «Դիահերձման արդյունքներով՝ ժողպատգամավորը մահացել է սրտի արյունատար անոթների սուր անբավարարությունից, սրտի սուր իշեմիկ հիվանդությունից»,- ասվում է հաղորդագրությունում։ Սպասվում են մյուս դատաբժշկական հետազոտությունների արդյունքները։

Նշենք, որ «Ժողովրդի ծառա» կուսակցությունից պատգամավոր Անտոն Պոլյակովը  երկու տարի առաջ դարձել էր Հայ ժողովրդի ցեղասպանության ճանաչման մասին որոշման նախագծի հեղինակը։ Նա նաեւ ակտիվ դիրքորոշում էր արտահայտում ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ։

  • Կիսվել: