ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Լիտվինը հերքել է տեղեկությունն այն մասին, թե իբր Զելենսկին պատրաստ է ՌԴ-ի հետ ռազմաճակատի որոշ հատվածներում «սառեցնել» ռազմական գործողությունները

Լիտվինը հերքել է տեղեկությունն այն մասին, թե իբր Զելենսկին պատրաստ է ՌԴ-ի հետ ռազմաճակատի որոշ հատվածներում «սառեցնել» ռազմական գործողությունները

Ուկրաինայի ղեկավարի խորհրդական Դմիտրի Լիտվինն իր ֆեյսբուքյան էջում հերքել է Bild-ի տեղեկությունն այն մասին, թե իբր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է Ռուսաստանի հետ ռազմաճակատի որոշ հատվածներում «սառեցնել» ռազմական գործողությունները։ 

Գերմանական թերթի հոդվածում քննարկվել է այսպես կոչված «Զելենսկու Հաղթանակի ծրագիրը», որը նա առաջիկա շաբաթներին ներկայացնելու է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, ինչպես նաև նախագահի թեկնածուներ Քամալա Հարիսին և Դոնալդ Թրամփին։

Bild-ը գրել է, որ առաջարկը ներառում է և՛ պահանջ՝ թույլ տալու արևմտյան հեռահար զինատեսակներով հարվածներ հասցնել Ռուսաստանի խորքերը, և՛ Ուկրաինայի պատրաստակամությունը՝ համաձայնել ռազմաճակատի որոշ հատվածներում զինադադարին, և հետևաբար՝ իրավիճակի ժամանակավոր սառեցմանը։

Լիտվինն ասել է, որ դա ճիշտ չէ, և գերմանական հրատարակությունը չէր կարող վերը նշված փաստաթուղթը տեսած լինել։

«Bild-ը կեղծիք է տարածել: Bild-ը չի տեսել Հաղթանակի ծրագիրը: Bild-ը չի զրուցել այն սակավաթիվ մարդկանցից և ոչ մեկի հետ, ովքեր ներկայումս ներգրավված են նախագահի կողմից Հաղթանակի ծրագրի նախապատրաստմանը», - ասել է նա:

Լիտվինի խոսքով՝ «ոչ ոք ռուսներին չի նվիրի «Մինսկ-3» կամ որևէ այլ ձևաչափ»։

«Ուկրաինան դեմ է պատերազմի ցանկացած սառեցմանը, և ուկրաինական իշխանությունները բոլոր մակարդակներում խոսում են այդ մասին։ Եվ մեզ համար կարևոր է, որ ԱՄՆ-ն աջակցի Ուկրաինայի Հաղթանակի ծրագրին, այլ ոչ թե կապիտուլյացիային կամ սառեցմանը: Հաղթանակի ծրագիրը կներկայացվի նախ ԱՄՆ-ին, քանի որ ԱՄՆ-ն ի վիճակի է ապահովել դրա բովանդակության իրականացումը»,-նշել է Զելենսկիի խորհրդականը:

  • Կիսվել: