ուրբաթ, հունիս 20
20 / 6 / 2025
Լիբանանի կառավարությունը ՄԱԿ-ին կոչ է արել դադարեցնել իսրայելական ագրեսիան

Լիբանանի կառավարությունը ՄԱԿ-ին կոչ է արել դադարեցնել իսրայելական ագրեսիան

Լիբանանի կառավարությունը ՄԱԿ-ին և ազդեցիկ երկրներին կոչ է արել դադարեցնել Իսրայելի ագրեսիան Լիբանանի դեմ, որպեսզի երկրի հարավը չվերածվի «երկրորդ Գազայի հատվածի»: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այդ մասին Լիբանանի ժամանակավոր կառավարության վարչապետ Նաջիբ Միքաթին հայտարարել է սեպտեմբերի 23-ին կայացած կառավարության նիստում:

«Մեր կողմից իրականացվող բոլոր շփումներում մենք կոչ ենք անում ՄԱԿ-ին, Անվտանգության խորհրդին և ազդեցություն ունեցող երկրներին կանգնել արդարության կողքին և դադարեցնել ագրեսիան: Մենք շարունակում ենք վերահաստատել մեր հավատարմությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևին և որպես կառավարություն ամեն բան անում ենք, որպեսզի դադարեցնենք պատերազմն Իսրայելի հետ և հնարավորինս խուսափում ենք գործողություններից, որոնք կարող են մեզ անդունդը գլորել»,- Միքաթիի խոսքը մեջբերում է կառավարության մամուլի ծառայությունը։

Վարչապետը հիշեցրել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ավելի վաղ բարձրաձայնել էր իր մտավախությունների մասին, որ Լիբանանի հարավը կարող է վերածվել «երկրորդ Գազայի», և որ պատերազմը պետք է դադարեցվի։

«Այս դիրքորոշումը պետք է նույնական լինի բոլորի, հատկապես այն երկրների դիրքորոշումների հետ, որոնք կարող են ճնշում գործադրել Իսրայելի վրա նրա ագրեսիան դադարեցնելու համար», - հավելել է Միքաթին:

Իսրայելն ինտենսիվ հարվածներ է հասցնում Լիբանանում գտնվող ռազմական օբյեկտներին՝ երկրի խաղաղ բնակիչներին կոչ անելով հեռանալ այն հատվածներից, որտեղ գործում է լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորումը։ 

Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1200526?fbclid=IwY2xjawFeOuxleHRuA2FlbQIxMAABHf-HCaJdTDwp7NsCLLCeIMmMNZEsq-8G6UTO52FoP4cZ3LNneLDnFabO_A_aem_pZqneapl7hg0oCR0igxLsw

  • Կիսվել: