Le Figaro․ Իրանը ԱՄՆ-ին մեղադրել է բանակցություններում նոր պայմաններ պարտադրելու մեջ
Իրանի ներկայացուցիչների խոսքով՝ ԱՄՆ-ն փորձում է նրանց նոր պայմաններ պարտադրել պատժամիջոցների վերացման համար, որոնք չեն քննարկվել պաշտոնական բանակցությունների ընթացքում։
Խոսքը Իրանի միջուկային ծրագրի շուրջ բազմակողմ բանակցությունների մասին է, որոնց ընթացքում երկրները փորձում են վերականգնել միջուկային ծրագրից Իրանի հրաժարվելու մասին համաձայնագիրը՝ դրա դեմ ամերիկյան պատժամիջոցները հանելու դիմաց:
Իրանի արտգործնախարարն ԱՄՆ-ին մեղադրել է Վիեննայի բանակցություններում նոր պայմաններ պարտադրելու մեջ, ասված է Le Figaro-ի հոդվածում:
«Պատժամիջոցների վերացման հարցում ամերիկացիները շահագրգռված են բանակցություններից դուրս նոր պայմաններ սահմանելու հարցում»,-հայտարարել է Իրանի ԱԳ նախարարը:
Նրա խոսքով՝ վերջին երկու-երեք շաբաթվա ընթացքում ամերիկյան կողմը լրացուցիչ պահանջներ է առաջ քաշել, որոնք հակասում են համաձայնագրի որոշ դրույթներին: Արդեն մեկ տարի է՝ Իրանի բանակցություններն ընթանում են Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի և Չինաստանի հետ, ինչպես նաև միջնորդավորված ԱՄՆ-ի հետ՝ իրանական միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը վերականգնելու համար։
Ամերիկացիները խոսում են այն մասին, որ ցանկանում են ուղղակիորեն բանակցել Իրանի հետ, բայց Իրանը դրանում օգուտ չի տեսնում։ Հիշեցնենք, նախկին պայմանագիրը նախատեսում Էր Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկում՝ ատոմային զենքի մշակումից հրաժարվելու դիմաց։ Բայց Դոնալդ Թրամփի օրոք ԱՄՆ-ն դուրս եկավ դրանից։ Թեհրանը վստահեցնում է, որ ձգտում է, որպեսզի իր վրայից հանեն պատժամիջոցները, սակայն պայմանով, որ դա կլինի երկարաժամկետ:
Իրանը հավատարիմ կմնա իր խոստումներին, հավաստիացրել են երկրի ԱԳՆ-ում:
Նշենք, որ Վիեննայում կայացած բանակցային գործընթացում ներգրավված երկրները, ցանկանում են հասնել Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների չեղարկմանը և երաշխավորել, որ Թեհրանը կկատարի իր պարտավորությունները:
Մարտի 11-ին բանակցություններն ընդհատվել են, քանի որ Ռուսաստանը երաշխիքներ է պահանջել, որպեսզի արևմտյան պատժամիջոցները չազդեն Իրանի հետ իր առևտրի վրա:
Մի քանի օրից Մոսկվան հայտարարել էր, որ նման երաշխիքներ արդեն ստացել է։ Հետո մեկնարկել է տեխնիկական հաստատումների շրջանը։ Սակայն համաձայնության հասնելու խոչընդոտները դեռ պահպանվում են։ Իրանը, մասնավորապես, պահանջում է, Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը հանել ԱՄՆ ահաբեկչական կազմակերպությունների ցանկից, գրում է Le Figaro-ն։