Լարված իրավիճակ Վրաստանի խորհրդարանում․ Զանգվածային ծեծկռտուք լրագրողների և պատգամավորների միջև
Լրագրողներն ու ընդդիմադիրները ներխուժել են Վրաստանի խորհրդարանի նիստերի դահլիճ՝ հանդիպում պահանջելով պատգամավորների հետ, ինչից հետո սկսվել է զանգվածային ծեծկռտուք։ Այս մասին հաղորդում է «Սպուտնիկ Գրուզիա»-ն իրադարձությունների վայրից:
Տուժել է ընդդիմադիր «ՏՎ Պիրվելի» հեռուստաալիքի հիմնադիր Վատո Ծերեթելին:
Այժմ ծեծկռտուքը շարունակվում է, իրավիճակը մնում է լարված:
Խորհրդարանի խոսնակի տեղը զբաղեցրել են ընդդիմության ներկայացուցիչներ Տինատին Բոկուչավան, Ելենա Խոշտարիան, Լելա Քեբուրիան, Խաթունա Սամնիձեն, Անա Նացվլիշվիլին, որոնք ամբիոնից կախել են Վրաստանի եւ Եվրամիության դրոշները:
Նախքան խորհրդարան մուտք գործելը լրագրողները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ շեշտելով, որ պատրաստվում են շարունակել բողոքի ակցիաները՝ պահանջելով կառավարության հրաժարականը վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ: Դրա պատճառը TV Pirveli հեռուստաալիքի օպերատոր Լեքսո Լաշկարավայի մահն էր. տղամարդը մահացել է հուլիսի 5-ին Թբիլիսիում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ դաժան ծեծի ենթարկվելուց հետո վեցերորդ օրը: Ցուցարարները կարծում են, որ իշխանությունները պետք է պատասխան տան այն բանի համար, որ նրանք անկարգությունների ժամանակ չեն պաշտպանել իրենց քաղաքացիներին: