Կյանքից հեռացել է ՀԱՀ-ի նախկին փոխնախագահ և «ՄԱԿ-Կանայք» կառույցի նախկին ղեկավար Ֆումզիլե Մլամբո-Նգկուկան
71 տարեկանում կյանքից հեռացել է Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին փոխնախագահ և Գենդերային հավասարության և կանանց իրավունքների ու հնարավորությունների ընդլայնման հարցերով ՄԱԿ-ի կառույցի («ՄԱԿ-Կանայք») նախկին գործադիր տնօրեն Ֆումզիլե Մլամբո-Նգկուկան: Այս մասին տեղեկացնում է AFP-ն։
Նրա ընտանիքը Հարավային Աֆրիկայի պետական SABC հեռուստաընկերությանը հայտնել է, որ Մլամբո-Նգկուկան մահացել է ուրբաթ օրը՝ մոտ երկու շաբաթ առաջ անցած բժշկական միջամտությունից հետո առաջացած բարդությունների հետևանքով։
Մլամբո-Նգկուկան ՀԱՀ-ի փոխնախագահի պաշտոնը զբաղեցրել է 2005-ից 2008 թվականներին՝ դառնալով այդ պաշտոնը զբաղեցրած առաջին կինը։ Մինչ այդ նա ղեկավարել է երկրի հանքային պաշարների և էներգետիկայի նախարարությունը։
2013-ից 2021 թվականներին Մլամբո-Նգկուկան զբաղեցրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի և «ՄԱԿ-Կանայք» կառույցի գործադիր տնօրենի պաշտոնները՝ զբաղվելով գենդերային հավասարության խթանմամբ և կանանց ու աղջիկների իրավունքների պաշտպանությամբ։


