հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Կլիմայի փոփոխության պատճառով աղետներն ավելի հաճախակի են դարձել

Կլիմայի փոփոխության պատճառով աղետներն ավելի հաճախակի են դարձել

Բնական աղետները, չնայած փրկարարական բոլոր հնարավոր միջոցառումներին, շարունակում են հանգեցնել մարդկանց մահվան՝ ամբողջ աշխարհում: Անցյալ տարվա զեկույցում ՄԱԿ-ը հայտարարել է, որ եղանակային արտակարգ երեւույթները հանգեցրել են 15 000 մարդու մահվան եւ 170 միլիարդ դոլարի ֆինանսական կորուստների: Բացի այդ, մարդկային միջամտության պատճառով տարեցտարի այդ երեւույթների թիվն ավելանում է: Science-ն այս մասին ավելի մանրամասն խոսել է փորձագետների հետ:

Բնական աղետները կլիմայական երեւույթներ են, որոնք բնորոշ չեն այն տարածաշրջանին կամ սեզոնին, որում դրանք տեղի են ունենում: Օրինակ՝ Սահարայում ձյունը: Սա վերաբերում է նաեւ եղանակային իրադարձություններին, որոնք ազդում են տվյալ տարածաշրջանում մարդկանց կյանքի որակի վրա՝ երաշտներ, փոթորիկներ, ջրհեղեղներ, սառնամանիքներ:

Թագավորական օդերեւութաբանական ինստիտուտից հոլանդացի կլիմայագետ Գերտ Յան վան Օլդենբորգը նշում է, որ եղանակային աղետների որոշակի տեսակներ ուժեղանում են: Մյուսները, ընդհակառակը, անհետանում են: Դրանցից առաջինին վերաբերում են երաշտներն ու անձրեւները: Երկրորդին` սառնամանիքները: Բացի այդ, դրանց ինտենսիվությունը կախված է տարածաշրջաններից:

ԱՄՆ ազգային լաբորատորիայի կլիմայաբանության փորձագետ, դոկտոր Մայքլ Վեները կարծում է, որ այս պահին կլիմայական մի շարք երեւույթներ սաստկացել են կլիմայի վրա մարդու ազդեցության պատճառով: Այսպիսով, կարելի է սպասել, որ տաքացման պատճառով այլ բնական աղետները եւս ավելի կսաստկանան: Փորձագետներն արդեն գրանցում են երաշտների եւ արտակարգ տեղումների քանակի եւ ինտենսիվության աճ: Իսկ, ահա, ձմեռային եղանակային երեւույթներն, ընդհակառակը, նվազում են:

Ավելի շատ ապացույցներ կան եղանակային կարճ երեւույթների մասին, ինչպիսիք են մրրիկները, փոթորիկները եւ պտտահողմերը: Թերեւս այն պատճառով, որ դրանք ժամանակի առումով ավելի կարճատեւ են: Գիտնականները կարծում են, որ փոթորիկները կդառնան ավելի երկարատեւ եւ ավելի ինտենսիվ, բայց դրանց քանակը կնվազի: Միեւնույն ժամանակ, մնում են եղանակային երեւույթներ, որոնց չափումը գրեթե անհնար է: Օրինակ՝ պտտահողմը կամ «դերեհո» քամիները:

 

  • Կիսվել: