երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Կիմ Չեն Ընը Շոյգուին ցույց է տվել նոր անօդաչուները, որոնք արտաքնապես նման են ամերիկյաններին. ԿԿՀԳ

Կիմ Չեն Ընը Շոյգուին ցույց է տվել նոր անօդաչուները, որոնք արտաքնապես նման են ամերիկյաններին. ԿԿՀԳ

Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին ցույց է տվել հյուսիսկորեական նոր անօդաչուները, որոնք արտաքնապես նման են ամերիկյաններին, տեղեկացրել է Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալությունը (ԿԿՀԳ)։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Կիմ Չեն Ընը Շոյգուի եւ Ռուսաստանի Դաշնության զինվորական պատվիրակության անդամների հետ միասին հուլիսի 26-ին այցելել է ցուցահանդես։ Ցուցահանդեսն իրականացվել է Հյուսիսային Կորեայի ՊՆ հովանավորությամբ, Կորեական պատերազմի մարտական գործողությունների ավարտի 70-ամյակի առիթով։

Հյուսիսային Կորեայի ղեկավարը եւ ՌԴ պաշտպանության նախարարը դիտել են Հյուսիսային Կորեայի սպառազինությունների նորագույն նմուշները, ներառյալ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռները կամուֆլյաժե երանգավորմամբ եւ մարտական ստորաբաժանումների համարներով ու բջջային արձակման սարքերով, տանկերը եւ զրահատեխնիկան։

Առանձնակի ուշադրություն են գրավել անօդաչուների երկու նմուշներ։ Բաներներին ներկայացված են դրանց լուսանկարները թռիչքի պահին։ Դա նշանակում է, որ Հյուսիսային Կորեան ոչ միայն արդեն իրականացրել է դրանց մշակումը, այլեւ փորձարկել է։

Ինչպես նշել է հարավկորեական «Ռյոնհափ» գործակալությունը, անօդաչուներից մեկն արտաքնապես նման է ամերիկյան հետախուզական RQ-4 Global Hawk անօդաչուին, իսկ մյուսը նման է ԱՄՆ MQ-9 Reaper հարվածային-հետախուզական անօդաչուին, որն արտադրում է General Atomics ընկերությունը։ Տեղեկացվել է, որ առաջինի արտաքինն այնքան նման է Հարավային Կորեայի ՌՕՈւ-ի ունեցած Global Hawk անօդաչուին, որ «եթե նրանք սկսեն միաժամանակ թռիչք կատարել Կորեական թերակղզու օդային տարածքում, դրանք կարելի է շփոթել»։

Նշվել է, որ անգամ դրանց կողքին նշված համարներն են այնպիսին, ինչպիսին իրենց անօդաչուների վրա նշում են հարավկորեական ՌՕՈւ-ն։

Գործակալության տեղեկացմամբ՝  ենթադրություններ կան, որ Հյուսիսային Կորեան կարող էր անօդաչուների ստեղծման համար օգտագործել հաքերային գրոհների օգնությամբ ստացված տեղեկությունը։

Ռուսաստանի զինվորական պատվիրակությունը՝ պաշտպանության նախարարի գլխավորությամբ,  Հյուսիսային Կորեա է ժամանել երեքշաբթի՝ մասնակցելու Կորեական պատերազմի մարտական գործողությունների ավարտի 70-ամյակի հանդիսություններին։

Ինչպես ընդգծել են պաշտպանության նախարարությունում, այցը կնպաստի Մոսկվայի եւ Փհենյանի ռազմական կապերի ամրապնդմանը եւ երկու երկրների համագործակցության զարգացման կարեւոր փուլ կդառնա։

Աշխատանքային այցը կավարտվի հուլիսի 27-ին։

 

  • Կիսվել: