Կիևը գործընկերների հետ կքննարկի Ուկրաինայի անվտանգության հարցը. Զելենսկի
Վոլոդիմիր Զելենսկին տեղեկացրել է, որ Կիևն առաջիկայում հանդիպումներ կունենա գործընկերների հետ: Նրա խոսքով՝ օրակարգում է լինելու Ուկրաինայի անվտանգության հարցը: Զելենսկին շեշտել է՝ հարկավոր է հասնել լիակատար և անվերապահ հրադադարի՝ սկզբնական շրջանում գոնե առնվազն 30 օրով։
«Միայն այդ դեպքում կարելի է անցնել բանակցությունների։ Պատրաստ ենք երկխոսության՝ ցանկացած ձևաչափով։ Ռուսաստանը պետք է դադարեցնի իր հարձակումները»,- հավելել է նախագահը։
Ռուս-ուկրաինական հնարավոր կարգավորմանն է անդրադարձել Ուկրաինայի հարցով Դոնալդ Թրամփի բանագնաց Քիթ Քելոգը: Նա տեղեկացրել է, որ Կիևը և Վաշինգտոնն անցած շաբաթ Լոնդոնում 22 կետից բաղկացած խաղաղության ծրագիր են մշակել:
«Ուկրաինացիներին բոլոր դրույթները չէ, որ դուր եկան, բայց դա նորմալ է»,- հավելել է Քելլոգը։ Նա նաև համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանը չի կարողանա հաղթել ռազմական ճանապարհով։ Միևնույն ժամանակ, Քելոգը նշել է, որ Ուկրաինան պետք է գնա որոշակի տարածքային զիջումների:
Դոնալդ Թրամփն էլ հույս է հայտնել, որ հնարավոր կլինի հասնել Մոսկվայի և Կիևի միջև գործարքի:
«Պուտինը շատ իմաստուն և խորամանկ մարդ է։ Նա պատերազմը դադարեցնելու մտադրություն չուներ։ Նա ուզում էր ամբողջ Ուկրաինան։ Կարծում եմ՝ համաձայնության կհասնենք, բայց չեմ կարող երաշխավորել դա»,- նշել է ԱՄՆ նախագահը։