ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Կիևում հայտնել են ռուսական ուժերի հերթական օդային հարվածների, ռուսական կողմն էլ՝ ուկրաինական ուժերի գնդակոծությունների մասին

Կիևում հայտնել են ռուսական ուժերի հերթական օդային հարվածների, ռուսական կողմն էլ՝ ուկրաինական ուժերի գնդակոծությունների մասին

 Գիշերն Ուկրաինայի գրեթե ամբողջ տարածքում օդային տագնապի ազդանշաններ են հնչել։ Արդեն երրորդ օրը շարունակ Կիևն օդային հարձակման է ենթարկվել։ Այս մասին հաղորդել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբն իր առավոտյան տեղեկագրում։

Ըստ գերատեսչության՝ Կիևը հարձակման է ենթարկվել «իրանական արտադրության 20 հարվածային «Շահիդ-136/131» ԱԹՍ-ներով» Կուրսկի և Պրիմորսկ-Ախտարսկի ուղղություններից»։ Թեհրանը բազմիցս հայտարարել է, որ Ռուսաստանին չի տրամադրել անօդաչուներ Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններում օգտագործելու համար։

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը նաև հայտնել է, որ ռուսական ուժերն իրենց տարածքի ուղղությամբ են արձակել 2 «Կալիբր» թևավոր հրթիռներ և «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռ։

Ըստ Կիևի իշխանությունների՝ հակաօդային պաշտպանության համակարգերը Կիևի օդային տարածքում ոչնչացրել են շուրջ մեկ տասնյակ թիրախ։ ԱԹՍ-ների բեկորներն ընկել են Ուկրաինայի մայրաքաղաքի հինգ շրջաններում։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ հուլիսի 13-ի գիշերային գնդակոծությունների հետևանքով 1 մարդ է զոհվել։ Կա մի քանի վիրավոր

Ռուսական կողմն էլ հաղորդել է ուկրաինական ուժերի հարվածների մասին։ Ըստ ТАСС-ի՝ Ուկրաինայի ԶՈւ-ն Դոնեցկ քաղաքի վրա 16 արկ է բաց թողել։ Հաղորդվում է, որ վերջին 1 օրվա ընթացքում Դոնեցկի Ժողովրդավարական Հանրապետության բնակավայրերի վրա է արձակվել, ընդհանուր առմամբ, 267 հրթիռ և արկ։

Ռազմական գործողությունների ընթացքում մասամբ ՌԴ-ի վերահսկողության տակ անցած Զապորոժիեի մարզի Տարասովկա գյուղում էլ, ըստ շրջանի արտակարգ ծառայությունների, ուկրաինական ուժերի գնդակոծության հետևանքով հուլիսի 12-ի երեկոյան 1 երեխա է զոհվել։

  • Կիսվել: