չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
«Խավիարային կապեր». El Confidencial-ն անդրադարձել է Ադրբեջանի կոռուպցիոն գործարքների վերաբերյալ բացահայտումներին

«Խավիարային կապեր». El Confidencial-ն անդրադարձել է Ադրբեջանի կոռուպցիոն գործարքների վերաբերյալ բացահայտումներին

Իսպանական հայտնի El Confidencial թերթը ծավալուն անդրադարձ է կատարել Ադրբեջանի «խավիարային դիվանագիտությանը»՝ նշելով եվրոպական կառույցներում տարբեր ժամանակներում բացահայտված դեպքեր:

Հոդվածում նշվում են մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների անուններ, ովքեր միլիոնավոր դոլարներ են ստացել, որպեսզի խոչընդոտեն Եվրոպական միության կողմից մի զեկույցի ընդունմանը, որում Ադրբեջանը որակվում է որպես բռնապետություն: Հիշատակվում է իսպանացի Պեդրո Ագրամունտը, որը հրաժարական էր տվել Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահի պաշտոնից՝ «Ադրբեջանական լվացքատան» (Azebaijani Laundromat) հետ կապված սկանդալային բացահայտումների պատճառով: Այդ կոռուպցիոն սխեմայով եվրոպական ընկերությունների և բանկերի միջոցով եվրոպացի պաշտոնյաներին փոխանցվել է մոտ 2,9 մլրդ ԱՄՆ դոլար՝ արտասահմանում Ադրբեջանի և Ալիևների ռեժիմի հեղինակությունը վերականգնելու նպատակով:

Հրապարակման մեջ անդրադարձ է կատարվում «Խավիարային կապերը» (2021թ.) փաստագրական ֆիլմին, որում ֆրանսիացի լրագրող և վավերագրող Բենուա Բրինգերը բացատրում է «խավիարային դիվանագիտության» դրսևորումները Կասպից ծովի առափնյա «ոչ ժողովրդավարական» երկրների կողմից:

Ըստ ֆիլմի՝ այդ երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի իշխանությունները «մութ բանաձևեր» են մշակել, որպեսզի մարդու իրավունքների ոլորտում իրենց պարտավորությունները չկատարելով հանդերձ՝ տեղ ունենան միջազգային և եվրոպական կազմակերպություններում և ինստիտուտներում:

Ֆիլմը պատմում է Ադրբեջանում անցկացվող ոչ ժողովրդավարական ընտրություններին, Ալիևների կողմից քաղաքական, տնտեսական, ֆինանսական ռեսուրսների տիրապետման, խոսքի ազատության ճնշումներին, ինչպես նաև եվրոպացի պաշտոնյաներին կաշառելու դեպքերի մասին:

  • Կիսվել: