երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Էրդողանի՝ «2025-ին Ռուսաստանը պետք է հեռանա Ղարաբաղից» հայտարարությանը

ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Էրդողանի՝ «2025-ին Ռուսաստանը պետք է հեռանա Ղարաբաղից» հայտարարությանը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանն առ այն, որ 2025-ին ռուս խաղաղապահները պետք է հեռանան Արցախից և որ դա նախատեսված է Մոսվա-Երևան-Բաքու եռակողմ փաստաթղթով:

«Հիշեցնեմ, որ Անկարան ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմ չէ: Հենց այս փաստաթղթի հիման վրա Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տեղակայվել է ռուսական խաղաղապահ զորակազմը: Հենց այդ փաստաթղթում են հստակ ներկայացված զորակազմի տեղակայման ժամկետները, ինչպես նաև հնարավոր հնգամյա ժամկետով երկարաձգման պարամետրերը:

Հիշեցնեմ, որ ՌԴ խաղաղապահները շարունակում են կաևոր կայունացնող դեր ունենալ Լեռնային Ղարաբաղում: Հիմնական գործառույթը կրակի, ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմի պահպանումն է՝ հաշվի առնելով տարածաշրջանում պահպանվող լարված իրավիճակը», - ասել է Զախարովան:

Նա հավելել է, որ Հարավային Կովկասում խաղաղության հաստատումը համապատասխանում է ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև Թուրքիայի շահերին:

Նա նաև հիշատակել է Արցախի օկուպացված Ակնայի շրջանում ռուս-թուրքական համատեղ դիտորդական կենտրոնի համակարգված աշխատանքը:

Հիշեցնենք, որ Էրդողանը հայտարարել է, թե 2025 թվականին ռուս խաղաղապահները պետք է հեռանան «Ադրբեջանի Ղարաբաղի շրջանից» (չակերտները՝ Խմբ․):

«2025-ին Ռուսաստանը պետք է հեռանա այդ տարածքից: Այդ է գրված համաձայնագրում, և ես հավատում եմ, որ Ռուսաստանը կկատարի դրա պահանջը»,- հայտարարել էր Թուրքիայի նախագահը:

  • Կիսվել: