ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Կայուն խաղաղություն կլինի այն ժամանակ, երբ միջազգային սահմանները չփոխվեն․ Բաքվում Իրանի նախկին դեսպան

Կայուն խաղաղություն կլինի այն ժամանակ, երբ միջազգային սահմանները չփոխվեն․ Բաքվում Իրանի նախկին դեսպան

Բաքվում Իրանի նախկին դեսպան Մոհսեն Փաք-Այինը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման և այդ խաղաղության նկատմամբ Իրանի աջակցության մասին ասել է. «Մենք դեմ ենք միջազգային սահմանների փոփոխությանը։ Այն խաղաղությունը կարող է արդար և կայուն լինել, որի ժամանակ չփոխվեն միջազգային սահմանները»: Այս մասին տեղեկանում ենք  parstoday-ից։
Փաք-Այինը «Ֆարհիխթեգան» օրաթերթի հետ զրույցում հավելել է.«Խաղաղությունը կարող է կայուն լինել, եթե առաջին հերթին հարգվի երկրների տարածքային ամբողջականությունը։ Այս պայմանով կնքված ցանկացած պայմանագիր կլինի մշտական ​​համաձայնություն։ Երկրորդ հերթին չպետք է փոխվեն միջազգային սահմանները: Եթե ​​այս սահմանները փոխվեն, դա նոր հակամարտություններ կառաջացնի, և արդյունքում տարածաշրջանը կմնա անապահով։ Ուստի մենք դեմ ենք միջազգային սահմանների փոփոխությանը և համոզված ենք, որ այն խաղաղությունը կարող է արդար և կայուն լինել, որի ժամանակ չփոխվեն միջազգային սահմանները: Երրորդ կետն այն է, որ մենք արտատարածաշրջանային երկրների մուտքն օգտակար չենք համարում տարածաշրջանում խաղաղության հաստատման համար. Քանի որ նրանք շահեր ունեն և հաշվի առնելով, որ ձգտում են ապահովել այդ շահերը, կարող են ազդել խաղաղության գործընթացի վրա։ Ուստի մենք օգտակար չենք համարում ԱՄՆ-ի կամ Եվրամիության նման երկրների միջամտությունը կովկասյան հիմնախնդրին, և անհանգստացած ենք, որ այդ միջամտությունները նոր անապահովություն կառաջացնեն»:

Բաքվում Իրանի նախկին դեսպանն ընդգծել է. «Առաջին հերթին մենք կարծում ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատումը կապված է այս երկու երկրների հետ, այսինքն՝ Երևանն ու Բաքուն հիմնական բանակցողներն են։ Եթե ​​իմ նշած շրջանակներում բանակցեն, և խաղաղություն հաստատվի, դա կարժանանա մեր աջակցության»։

  • Կիսվել: