Կանադան կարող է դառնալ ԵՄ-ի առաջին ասոցացված անդամը․ ֆոն դեր Լայեն
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին առաջարկել է աշխատանքներ սկսել Կանադան Եվրոպական միության առաջին ասոցացված անդամը դարձնելու ուղղությամբ, հայտնում է Associated Press-ը։
Այս առաջարկով ֆոն դեր Լայենը հանդես է եկել սեպտեմբերի 16-ին՝ Եվրամիության վիճակի մասին ամենամյա ուղերձի ընթացքում։ Նա հայտարարել է, որ ցանկանում է «դուռ բացել» Կանադայի առջև՝ որպես Եվրամիության առաջին ասոցացված անդամի։ Քարնին ներկա է եղել Եվրոպական խորհրդարանում, որտեղ նրան դիմավորել են հոտնկայս ծափահարություններով։ Հինգշաբթի օրը նա ելույթ կունենա Եվրոպական խորհրդարանի պատգամավորների առջև։
Առաջարկը հնչել է ԱՄՆ-ի հետ առևտրային և քաղաքական տարաձայնությունների ֆոնին Կանադայի և Եվրամիության նկատելի մերձեցման համատեքստում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարած քաղաքականությունը, ներառյալ կանադական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերի սահմանումն ու Կանադան որպես 51-րդ նահանգ ԱՄՆ-ին միացնելու հնարավորության մասին բազմաթիվ հայտարարությունները, Օտտավային մղել են Եվրոպայի հետ ավելի սերտ տնտեսական և պաշտպանական կապեր փնտրելու։
Քարնին ավելի վաղ կոչ էր արել «աննախադեպ դաշինք» ձևավորել Եվրամիության հետ, քանի որ Կանադան ձգտում է նվազեցնել ԱՄՆ-ի հետ առևտրից ունեցած կախվածությունը։
Ֆոն դեր Լայենի խոսքով՝ ԵՀ-ն և Կանադան մտադիր են զարգացնել արդեն գոյություն ունեցող CETA ազատ առևտրի համաձայնագիրը։ Հաջորդ փուլը պետք է դառնա «Դաշինք հանուն ապագայի» անվանմամբ ավելի լայն գործընկերությունը, ինչը, Եվրահանձնաժողովի նախագահի հայտարարությամբ, թույլ կտա տնտեսական բարգավաճման և անվտանգության ընդհանուր տարածք ստեղծել։
Կանադան և ԵՄ-ն արդեն կապված են CETA համաձայնագրով, որը նախատեսում է ապրանքների մաքսատուրքերի մեծ մասի աստիճանական չեղարկում և ընդլայնում է միմյանց շուկաների նկատմամբ կողմերի հասանելիությունը։ Ֆոն դեր Լայենի առաջարկած նոր ձևաչափը ենթադրում է տնտեսական և քաղաքական համագործակցության հետագա խորացում։
Ընդ որում, Կանադայի համար ԵՄ ասոցացված անդամի կարգավիճակը դեռևս ստեղծված կամ տրամադրված չէ․ ֆոն դեր Լայենի հայտարարությունը նշանակում է նման ձևաչափի շուրջ աշխատանքներ սկսելու առաջարկ։



