Իտալիան մտադիր է վերադառնալ ատոմային էներգետիկային՝ շուրջ 40 տարվա արգելքից հետո. աղբյուր
Իտալիայի կառավարությունը ծրագիր է մշակում, որով կվերականգնի ատոմային էներգիայի արտադրությունը՝ վերջին միջուկային ռեակտորի փակվելուց գրեթե 40 տարի անց։ Նախաձեռնությունը քննարկվում է էներգակիրների բարձր գները նվազեցնելու և երկրի տնտեսությունը աջակցելու ռազմավարության շրջանակում։ Այս մասին տեղեկացնում է Bloomberg-ը՝ հղում անելով քննարկումներին ծանոթ աղբյուրներին։
Ըստ աղբյուրների՝ կառավարության ներկայացուցիչները խորհրդակցություններ են անցկացնում փորձագետների հետ և ուսումնասիրում հնարավոր տեխնոլոգիական լուծումները։
Նշվում է, որ իտալացի պաշտոնյաները արդեն այցելել են Կանադա՝ ծանոթանալու միջուկային տեխնոլոգիաներին, ինչպես նաև բանակցություններ են վարել Ֆրանսիայի ներկայացուցիչների հետ՝ նրանց ատոմային ոլորտի վիճակի և հնարավորությունների մասին։ Կառավարության ներսում քննարկվում են նաև համագործակցության տարբերակներ ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի հետ։
Իտալիայի էներգետիկայի նախարար Գիլբերտո Պիչետտո Ֆրատին հայտարարել է, որ երկիրը պետք է «որքան հնարավոր է շուտ» վերականգնի իր միջուկային ծրագիրը՝ ընդգծելով, որ նոր կայանները պետք է լինեն անվտանգ և տնտեսապես հիմնավորված։
Հաղորդվում է նաև, որ ատոմային էներգետիկայի վերադարձը քննարկվում է էլեկտրաէներգիայի բարձր գների պայմաններում, որոնք Եվրոպայում ամենաբարձրերից են։ Իտալիան նաև մեծապես կախված է բնական գազի ներմուծումից, ինչը երկրի տնտեսությունն ավելի խոցելի է դարձնում համաշխարհային գների տատանումների նկատմամբ։



