շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Իսրայելը պետք է դադարեցնի ռազմական գործողություններն ու հարվածները Լիբանանում. Գուտերեշ

Իսրայելը պետք է դադարեցնի ռազմական գործողություններն ու հարվածները Լիբանանում. Գուտերեշ

Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև մարտերը չպետք է Լիբանանին դատապարտեն նույն ճակատագրին, ինչ Գազան՝ պաղեստինյան տարածքը, որը ավերվել է տարիներ տևած հակամարտությունների հետևանքով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը:

Նա, մասնավորապես, ասել է. «Տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս խաղաղ բնակիչները ենթարկվում են լուրջ վնասների և ապրում խոր անապահովության պայմաններում։ Այս հետևանքներից մի քանիսը ես անձամբ տեսել եմ Լիբանան կատարած իմ վերջին այցի ընթացքում։ Այնտեղ նույնպես պատերազմը պետք է դադարեցվի։ «Հեզբոլլահ»-ը պետք է դադարեցնի հարձակումներն Իսրայելի ուղղությամբ։ Իսկ Իսրայելը պետք է դադարեցնի իր ռազմական գործողություններն ու հարվածները Լիբանանում, որոնք ամենաշատը հարվածում են քաղաքացիական բնակչությանը»։

Գուտերեշը հայտնել է նաև, որ ֆրանսիացի դիվանագետ Ժան Առնոն նշանակվել է իր հատուկ ներկայացուցիչ՝ համակարգելու ՄԱԿ-ի ջանքերը՝ կապված հակամարտության և դրա հետևանքների հետ։

  • Կիսվել: