երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Իսրայելը փակում է իր դեսպանատունն Իռլանդիայում

Իսրայելը փակում է իր դեսպանատունն Իռլանդիայում

Իսրայելը հայտարարել է, որ կփակի իր դեսպանատունն Իռլանդիայում։ Դեսպանատան փակման որոշումն Իսրայելը բացատրել է Իռլանդիայի «ծայրահեղ հակաիսրայելական քաղաքականությամբ»: Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։

Մայիսին Իսրայելը հետ էր կանչել իր դեսպանին Դուբլինից այն բանից հետո, երբ Իռլանդիան Նորվեգիայի, Իսպանիայի և Սլովենիայի հետ միասին հայտարարեց Պաղեստին պետությունը ճանաչելու մասին։

Անցյալ շաբաթ Իռլանդիայի նախարարների կաբինետը որոշեց պաշտոնապես միջամտել Արդարադատության միջազգային դատարանում Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին, որով Իսրայելը մեղադրվում է Գազայում ցեղասպանություն իրականացնելու մեջ: Իսրայելը հերքում է դա։

Իսրայելի արտաքին գործերի նախարար Գեդեոն Սաարը դեսպանատան փակման առնչությամբ հայտարարել է, որ «Իռլանդիան հատել է բոլոր կարմիր գծերն Իսրայելի հետ իր հարաբերություններում»:

Իռլանդիայի վարչապետ Սայմոն Հարիսը դեսպանատունը փակելու որոշումը «չափազանց ցավալի» է անվանել։

«Ես լիովին մերժում եմ այն ​​պնդումը, որ Իռլանդիան Իսրայելին դեմ է: Իռլանդիան խաղաղության, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի կողմնակից է», - գրել է Հարիսն X-ում:

 

  • Կիսվել: