շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Իսրայելը «Երկաթե գմբեթ» համակարգ չի տալիս Կիևին՝ վախենալով, թե այն «կհայտնվի Իրանի ձեռքում»․ Նեթանյահու

Իսրայելը «Երկաթե գմբեթ» համակարգ չի տալիս Կիևին՝ վախենալով, թե այն «կհայտնվի Իրանի ձեռքում»․ Նեթանյահու

Իսրայելը «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգ և այլ զինատեսակներ չի տալիս Ուկրաինային՝ մտավախություն ունենալով, թե դրանք բաժին կհասնեն Իրանին։ Այդ մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն The Wall Street Journal-ում հրապարակված հարցազրույցում։

«Կարծում եմ` կարևոր է հասկանալ, որ մեզ նաև անհանգստացնում է այն հնարավորությունը, որ եթե մենք այդ համակարգերը հանձնենք Ուկրաինային, դրանք կհայտնվեն Իրանի ձեռքում», - ասել է նա։

Նեթանյահուի խոսքով՝ Թեհրանն այդ դեպքում կկարողանա իր տրամադրության տակ հայտնված իսրայելական համակարգերը կիրառել հենց հրեական պետության դեմ։

«Իսրայելը խիտ բնակեցված երկիր է: Մեր կողմից զոհերի թիվն այնքան էլ մեծ չէ մեկ պատճառով՝ որովհետև «Երկաթե գմբեթը» խոցում է հրթիռների 95%-ը, որ կարող են հարվածել մեր բնակավայրերին: Եթե այդ համակարգը հայտնվի Իրանի ձեռքում, ապա միլիոնավոր իսրայելցիներ կմնան առանց պաշտպանության և կլինեն վտանգի մեջ», - հավելել է վարչապետը։

 «Երկաթե գմբեթ» հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգը, որն ստեղծվել է իսրայելական Rafael պաշտպանական ընկերության կողմից՝ ամերիկյան Raytheon-ի հետ գործընկերությամբ, իրեն դրսևորել է որպես փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման ամենաարդյունավետ միջոցներից մեկը։ 2022 թվականի հունիսի սկզբին Իսրայելում Ուկրաինայի դեսպան Եվգենի Կոռնիյչուկը հայտարարել էր, որ Ուկրաինան ցանկանում է ձեռք բերել «Երկաթե գմբեթ» համակարգ:

  • Կիսվել: